Լավ է, որ Իսրայելը հայտարարել է կրակը դադարեցնելու մասին, բայց դա դեռ բավարար չէ. Պաղեստինի արտգործնախարար
Իսրայելի կողմից միակողմանի հրադադարի մասին հայտարարությունը դրական նշան է, բայց բավարար չէ, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Պաղեստինի արտգործնախարար Ռիադ ալ-Մալիկին:
«Լավ է, որ զանգվածային սպանությունները, ագրեսիան կդադարեցվեն, բայց դա ընդհանրապես բավարար չէ»,- ասել է ալ-Մալիկին:
Պաղեստինի արտգործնախարարը նշել է, որ ստեղծված իրավիճակում չպետք է մոռանալ Երուսաղեմի, Ալ-Աքսա մզկիթի մասին, որը, ըստ նախարարի, հարձակումների է ենթարկվել իսրայելական ուժերի կողմից, ինչպես նաև՝ իրենց տներից, մասնավորապես՝ Շեյխ-Ջարրախ թաղամասից պաղեստինցիներին իրենց տներից վտարելու Իսրայելի քաղաքականությունը:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Իսրայելի կառավարությունը որոշում է կայացրել Գազայի հատվածի ուղղությամբ ավիահարվածները դադարեցնելու մասին: Տեղի ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ ուժային գերատեսչությունների ղեկավարներն ու նախարարները կքննարկեն միակողմանի հրադադարի մասին հարցը:
Պաղեստինցիների և իսրայելցիների միջև անցյալ շաբաթ սկսված բախումների հետևանքով պաղեստինյան կողմում զոհերի թիվը անցել է 220-ը, որոնցից 63-ը երեխա և ավելի քան 34-ը կին, վիրավորվել է մոտ 1500 պաղեստինցի, իսկ իսրայելական կողմում զոհերի թիվը 12-ն է, այդ թվում՝ 2 երեխա։ Վիրավորների թիվը առնվազն 300 է։ Երուսաղեմում հուզումները սկսվել են մայիսի 7-ին: Արաբ երիտասարդների և ոստիկանության միջև բախումները բռնկվել են մայիսի 8-ի երեկոյան, այնուհետև շարունակվել՝ տարածվելով Տաճարի լեռան և Ալ-Աքսա մզկիթի տարածքում: Դրանք իրենց գագաթնակետին հասել են մայիսի 10-ին, երբ հրեաները նշում են Երուսաղեմի օրը:










