Իսրայելական կողմը հայտնել է, որ Գազայի հատվածից Իսրայելի հարավում գտնվող մի շարք բնակավայրեր հրթիռակոծվել են

03:08 • 21.05.21

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ Գազայի հատվածից Իսրայելի հարավում գտնվող մի շարք բնակավայրեր հրթիռակոծվել են:

Ինչպես հաղորդում է ТАСС-ը, Իսրայելի՝ Գազայի հատվածին սահմանակից շրջաններում օդային տանգապի ազդանշան է միացվել:

Իսրայելական պետական «Kan» ռադիոկայանը հայտնել է, որ հրթիռային հարվածների հետևանքով մեկ մարդ է տուժել Իսրայելի հարավում գտնվող և Գազայի հատվածին սահմանակցող Էշկոլ բնակավայրում:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Իսրայելի կառավարությունը որոշում է կայացրել Գազայի հատվածի ուղղությամբ ավիահարվածները դադարեցնելու մասին: Տեղի ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ ուժային գերատեսչությունների ղեկավարներն ու նախարարները կքննարկեն միակողմանի հրադադարի մասին հարցը:

Պաղեստինի արտգործնախարարն էլ ի պատասխան հայտարարել է, որ Իսրայելի կողմից հրադադարի մասին հայտարարությունը դրականք քայլ է, բայց ոչ բավարար:

Ըստ նրա՝ ստեղծված իրավիճակում չպետք է մոռանալ Երուսաղեմի, Ալ-Աքսա մզկիթի մասին, որը, ըստ նախարարի, հարձակումների է ենթարկվել իսրայելական ուժերի կողմից, ինչպես նաև՝ իրենց տներից, մասնավորապես՝ Շեյխ-Ջարրախ թաղամասից պաղեստինցիներին իրենց տներից վտարելու Իսրայելի քաղաքականությունը:

Պաղեստինցիների և իսրայելցիների միջև անցյալ շաբաթ սկսված բախումների հետևանքով պաղեստինյան կողմում զոհերի թիվը անցել է 220-ը, որոնցից 63-ը երեխա և ավելի քան 34-ը կին, վիրավորվել է մոտ 1500 պաղեստինցի, իսկ իսրայելական կողմում զոհերի թիվը 12-ն է, այդ թվում՝ 2 երեխա։ Վիրավորների թիվը առնվազն 300 է։ Երուսաղեմում հուզումները սկսվել են մայիսի 7-ին: Արաբ երիտասարդների և ոստիկանության միջև բախումները բռնկվել են մայիսի 8-ի երեկոյան, այնուհետև շարունակվել՝ տարածվելով Տաճարի լեռան և Ալ-Աքսա մզկիթի տարածքում: Դրանք իրենց գագաթնակետին հասել են մայիսի 10-ին, երբ հրեաները նշում են Երուսաղեմի օրը:

Իսրայելական կողմը հայտնել է, որ Գազայի հատվածից Իսրայելի հարավում գտնվող մի շարք բնակավայրեր հրթիռակոծվել են