ԱՄՆ-ը փորձում է թույլ չտալ, որ Մերձավոր Արևելքում ընթացող արյունահեղությունը ձգձգվի, ինչպես եղել է նախորդ տարիներին. Բայդեն
ԱՄՆ-ը փորձում է թույլ չտալ, որ Մերձավոր Արևելքում ընթացող արյունահեղությունը ձգձգվի, ինչպես եղել է նախորդ տարիներին, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել է նախագահ Ջո Բայդենը՝ կարճ ելույթ ունենալով իսրայելա-պաղեստինյան հակամարտության գոտում տիրող իրավիճակի մասին:
«Մենք բարձր մակարդակով բանակցություններ ենք վարել Եգիպտոսի, Պաղեստինի իշխանությունների և մերձավորարևելյան այլ պետությունների հետ հակամարտության ձգձգումը կանխելու համար, ինչին նախորդ տարիներին ենք ականատես եղել, երբ սկսվել են ռազմական գործողությունները»,- ասել է Բայդենը:
Անդրադառնալով հարցին, թե Իսրայելի վարչապետը հայտարարել է առանց նախապայմանների կրակը դադարեցնելու մտադրության մասին, Բայդենն ասել է, որ վերջին օրեին մի քանի անգամ անձամբ խոսել է Իսրայելի վարչապետ Նեթանյահուի և Պաղեստինի ղեկավար Աբբասի հետ: Բայդենը նաև Եգիպտոսի նախագահին է շնորհակալություն հայտնել կրակի դադարեցմանը հասնելու հարցում Եգիպտոսի գործադրած դիվանագիտական ջանքերի համար, որոնք, ըստ Բայդենի, առանցքային նշանակություն են ունեցել:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Իսրայելի կառավարությունը որոշում է կայացրել Գազայի հատվածի ուղղությամբ ավիահարվածները դադարեցնելու մասին: Տեղի ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ ուժային գերատեսչությունների ղեկավարներն ու նախարարները կքննարկեն միակողմանի հրադադարի մասին հարցը:
Պաղեստինի արտգործնախարարն էլ ի պատասխան հայտարարել է, որ Իսրայելի կողմից հրադադարի մասին հայտարարությունը դրականք քայլ է, բայց ոչ բավարար:
Ըստ նրա՝ ստեղծված իրավիճակում չպետք է մոռանալ Երուսաղեմի, Ալ-Աքսա մզկիթի մասին, որը, ըստ նախարարի, հարձակումների է ենթարկվել իսրայելական ուժերի կողմից, ինչպես նաև՝ իրենց տներից, մասնավորապես՝ Շեյխ-Ջարրախ թաղամասից պաղեստինցիներին իրենց տներից վտարելու Իսրայելի քաղաքականությունը:
Պաղեստինցիների և իսրայելցիների միջև անցյալ շաբաթ սկսված բախումների հետևանքով պաղեստինյան կողմում զոհերի թիվը անցել է 220-ը, որոնցից 63-ը երեխա և ավելի քան 34-ը կին, վիրավորվել է մոտ 1500 պաղեստինցի, իսկ իսրայելական կողմում զոհերի թիվը 12-ն է, այդ թվում՝ 2 երեխա։ Վիրավորների թիվը առնվազն 300 է։ Երուսաղեմում հուզումները սկսվել են մայիսի 7-ին: Արաբ երիտասարդների և ոստիկանության միջև բախումները բռնկվել են մայիսի 8-ի երեկոյան, այնուհետև շարունակվել՝ տարածվելով Տաճարի լեռան և Ալ-Աքսա մզկիթի տարածքում: Դրանք իրենց գագաթնակետին հասել են մայիսի 10-ին, երբ հրեաները նշում են Երուսաղեմի օրը:










