Իսրայելի և պաղեստինյան «ՀԱՄԱՍ»-ի միջև հրադադարը Երևանի ժամանակով 03:00-ին ուժի մեջ է մտել. Գազայի հատվածում տոնում են կրակի դադարեցումը (լուսանկարներ, տեսանյութեր)
Իսրայելի և պաղեստինյան ուժերի միջև հրադադարը տեղական ժամանակով 02:00-ին (Երևանի ժամանակով` 03:00-ին-խմբ.) ուժի մեջ է մտել, հաղորդում է Al Jazeera հեռուստաալիքը:
Հաղորդվում է, որ Գազայի հատվածում պաղեստինցիները նշում են այս դիմակայությունում «տարած հաղթանակը»՝ վերջին օրերի իրադարձություններից հետո հրադադարի հաստատումն այդպիսին համարելով:
Արևմտյան ափին գտնվող Ռամալլա քաղաքի փողոցներ հարյուրավոր պաղեստինցիներ են դուրս եկել ազգայի դրոշներով՝ նշելու ռազմական գործողությունների դադարեցումը նշանավորող հրադադարի հաստատումը, նկատվում են նաև հրավառություններ:



Նախքան հրադադարի ուժի մեջ մտնելն Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել էր, որ Գազայի հատվածից Իսրայելի հարավային մի շարք բնակավայրեր հրթիռակոծվել են, որոնց հետևանքով մեկ իսրայելցի էր տուժել:
Հրադադարի համաձայնությանը հասնելու հարցում մեծ է եղել Եգիպտոսի միջնորդական ներգավվածությունն ու գործադրած դիվանագիտական ջանքերը, որոնք բարձր է գնահատել նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հանձնարարականով եգիպտական երկու պատվիրակություն է գործուղվելու Իսրայել և Պաղեստին՝ կողմերի միջև հաստատված հրադադարի ռեժիմը վերահսկելու նպատակով:
Իսրայելի ռազմաքաղաքական ղեկավարությունը մայիսի 20-ի երեկոյան հավանություն էր տվել պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորման հետ հրադադարի հաստատմանը, որի մասին տեղեկություն էր տարածվել վարչապետ Նեթանյահուի աշխատակազմից: Պաղեստինյան «ՀԱՄԱՍ»-ը համաձայնություն է տվել Կահիրեի միջնորդությամբ հրադադարի հաստատմանը:
Պաղեստինի արտգործնախարարը նախքան հրադադարի ուժի մեջ մտնելը, ի պատասխան Իսրայելի՝ ռազմական գործողությունները միակողմանիորեն դադարեցնելու մասին հաղորդագրությանը, հայտարարել էր, որ Իսրայելի կողմից հրադադարի մասին հայտարարությունը դրականք քայլ է, բայց ոչ բավարար:
Ըստ նրա՝ ստեղծված իրավիճակում չպետք է մոռանալ Երուսաղեմի, Ալ-Աքսա մզկիթի մասին, որը, ըստ նախարարի, հարձակումների է ենթարկվել իսրայելական ուժերի կողմից, ինչպես նաև՝ իրենց տներից, մասնավորապես՝ Շեյխ-Ջարրախ թաղամասից պաղեստինցիներին իրենց տներից վտարելու Իսրայելի քաղաքականությունը:
Իսրայելա-պաղեստինյան հակամարտության գոտում հրադադարի հաստատումը ողջունել են Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը:
Պաղեստինցիների և իսրայելցիների միջև անցյալ շաբաթ սկսված բախումների հետևանքով պաղեստինյան կողմում զոհերի թիվը անցել է 220-ը, որոնցից 63-ը երեխա և ավելի քան 34-ը կին, վիրավորվել է մոտ 1500 պաղեստինցի, իսկ իսրայելական կողմում զոհերի թիվը 12-ն է, այդ թվում՝ 2 երեխա։ Վիրավորների թիվը առնվազն 300 է։ Երուսաղեմում հուզումները սկսվել են մայիսի 7-ին: Արաբ երիտասարդների և ոստիկանության միջև բախումները բռնկվել են մայիսի 8-ի երեկոյան, այնուհետև շարունակվել՝ տարածվելով Տաճարի լեռան և Ալ-Աքսա մզկիթի տարածքում: Դրանք իրենց գագաթնակետին հասել են մայիսի 10-ին, երբ հրեաները նշում են Երուսաղեմի օրը:










