«Ինչպե՞ս ես տեսնում մեր ապագան 50 տարի անց». Պեսկովը հարց է տվել Իլոն Մասկին (տեսանյութ)
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը զրուցել է ամերիկյան Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկի հետ և նրան հարցեր ուղղել ապագայի մասին:
Առցանց հանդիպումը տեղի է ունեցել «Նոր գիտելիքներ» կրթական մարաթոնի շրջանակում, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ինչպե՞ս ես տեսնում մեր ապագան 50 տարի անց: Եվ ի՞նչ ես անում դրա համար»,- հետաքրքրվել է Պեսկովը:
Պատասխանելով հարցին՝ Մասկը շեշտել է, որ տեխնոլոգիայի, տիեզերական ճանապարհորդության, ինչպես նաև ԴՆԹ հետազոտությունների ոլորտներում նոր հայտնագործություններ և փոփոխություններ են սպասվում:
«Ապագայում բոլոր տրանսպորտային միջոցները, բացառությամբ հրթիռների, կդառնան էլեկտրական: Բոլոր մեքենաներն ապահովված կլինեն ինքնավար ռեժիմով»,- վստահեցրել է Մասկը:
«Նոր գիտելիքներ» մարաթոնը կանցկացվի մինչև մայիսի 22-ը երկրի 8 քաղաքներում` Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Կազանում, Նիժնի Նովգորոդում, Սոչիում, Վլադիվոստոկում, Նովոսիբիրսկում, Կալինինգրադում: Բացի դեմ առ դեմ ձևաչափից, դրան կարելի է հետևել և մասնակցել համացանցի միջոցով:
Միջոցառմանը մասնակցում են ավելի քան 150 ռուս և օտարերկրյա բանախոսներ և հյուրեր, այդ թվում՝ կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Թիմուր Բեկմամբետովը, բալետի պարող Նիկոլայ Ցիսկարիձեն, ռուս վիրտուոզ դաշնակահար Դենիս Մացուևը, լրագրող Վլադիմիր Պոզները, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, Apple Computer ընկերության գյուտարար և համահիմնադիր Սթիվ Վոզնյակը, Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը, այլք:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:










