«Թուրքիայի` որպես ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանի դերը շատ կասկածելի է». Զախարովա
Թուրքիայի իշխանությունների ցուցադրական մտահոգությունը Ղրիմում ազգային փոքրամասնությունների իրավիճակի կապակցությամբ պատեհապաշտական բնույթ ունի: Այս մասին ուրբաթ ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Թուրքիայի ներկայիս ցուցադրական մտահոգությունը Ղրիմի թաթարների իրավիճակով, չնայած այն հանգամանքին, որ մինչև 2014 թվականը այս երկրի իշխանությունները համառորեն անտեսում էին Ուկրաինայի նկատմամբ միջազգային կազմակերպությունների բազմաթիվ պահանջները՝ կապված այս ժողովրդի էթնոմշակութային իրավունքների իրականացման հետ, միայն հաստատում է նման մտահոգությունների պատեհապաշտական բնույթը»,-ասել է նա:
Զախարովան նաև ընդգծել է, որ թուրքական պետության՝ որպես ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանի դերը «շատ կասկածելի է»:
«Թուրքիան ունի էթնիկական, լեզվական և կրոնական երանգների իր չլուծված խնդիրները: Մենք ունենք շատ խնդիրներ, հարցեր, ոլորտներ, որտեղ կարող ենք համագործակցել Անկարայի հետ` համատեղ ջանքեր գործադրելով: Մենք ունենք նման փոխգործակցության փորձ, եկեք օգտագործենք այն և չզբաղվենք նման բաներով»,-հայտարարել է Զախարովան:










