ԱՄՆ Կոնգրեսում Իսրայելին 735 մլն դոլարի գերճշգրիտ սպառազինություն վաճառելու որոշման դեմ բանաձև է ներկայացվել
Սենատոր Բերնի Սանդերսը բանաձևի նախագիծ է ներկայացրել ԱՄՆ Սենատ՝ ընդդեմ Իսրայելին ԱՄՆ-ի կողմից 735 մլն դոլարի գերճշգրիտ սպառազինություն վաճառելու որոշմանը, հաղորդում է ТАСС-ը:
Փաստաթուղթը, միաժամանակ, իրավաբանական պարտադիր ուժ ընդունվելու դեպքում չի ունենալու:
«Այն պահին, երբ ԱՄՆ-ում արտադրված հրթիռները ավերում են Գազայի հատվածը, սպանում կանանց ու երեխաների, մենք չենք կարող պարզապես թույլ տալ վաճառել սպառազինության հերթական խոշոր փաթեթն առանց հարցը Կոնգրեսում քննարկելու»,- ասել է սենատորը:
Ավելի վաղ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը հայտնել էր Իսրայելին այդ ծավալի զենք վաճառելու գործարքի մասին մայիսի 5-ին, այն է՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտության գոտում էսկալացիայից առաջ:
Պաղեստինցիների և իսրայելցիների միջև անցյալ շաբաթ սկսված բախումների հետևանքով պաղեստինյան կողմում զոհերի թիվը անցել է 220-ը, որոնցից 63-ը երեխա և ավելի քան 34-ը կին, վիրավորվել է մոտ 1500 պաղեստինցի, իսկ իսրայելական կողմում զոհերի թիվը 12-ն է, այդ թվում՝ 2 երեխա։ Վիրավորների թիվը առնվազն 300 է։ Երուսաղեմում հուզումները սկսվել են մայիսի 7-ին: Արաբ երիտասարդների և ոստիկանության միջև բախումները բռնկվել են մայիսի 8-ի երեկոյան, այնուհետև շարունակվել՝ տարածվելով Տաճարի լեռան և Ալ-Աքսա մզկիթի տարածքում: Դրանք իրենց գագաթնակետին հասել են մայիսի 10-ին, երբ հրեաները նշում են Երուսաղեմի օրը:










