Sky News-ը պատմել է 4-ամյա պաղեստինցի աղջկա մասին, որը ընտանիքի 5 անդամներին կորցնելուց հետո շոկային վիճակում է և դեռևս ոչ մի բառ չի արտաբերել (լուսանկարներ)
Բրիտանական Sky News հեռուստաալիքը պատմել է իսրայելա-պաղեստինյան հակամարտության ընթացքում իր գրեթե ամբողջ ընտանիքին կորցրած 4-ամյա աղջնակի մասին, որը հարազատների մահից հետո շոկային վիճակում է և դեռևս ոչ մի բառ չի արտաբերել։
Մարիայի հայրը՝ Ալաա Աբու Հաթիբը, հեռուստաալիքին պատմել է, որ իր տան հրթիռակոծության հետևանքով մահացել են չորս երեխաները և կինը։
«Մենք նրան հատակին ընկած ենք գտել։ Նա դեռ շոկի մեջ է, այս փոքրիկ աղջիկը տեսավ այն, ինչի հետ նույնիսկ մենք՝ մեծահասակներս, չենք կարողանում համակերպվել։ Այդ օրից ի վեր նա ոչ մի բառ չի արտաբերել»,- պատմել է երեխայի հայրը։
Հեռուստաալիքը նշում է, որ դեռևս պարզ չէ՝ արդյոք շենքը հրթիռակոծել են իսրայելական ուժերը, թե դա եղել է ՀԱՄԱՍ-ի կողմից հրթիռի անհաջող արձակման հետևանքը։
Երուսաղեմում հուզումները սկսվել էին մայիսի 7-ին: Արաբ երիտասարդների և ոստիկանության միջև բախումները բռնկվել են մայիսի 8-ի երեկոյան, այնուհետև շարունակվել՝ տարածվելով Տաճարի լեռան և Ալ-Աքսա մզկիթի տարածքում: Դրանք իրենց գագաթնակետին հասել են մայիսի 10-ին, երբ հրեաները նշում են Երուսաղեմի օրը:
Հրադադարը սկսվել է ուրբաթ լուսաբացից առաջ՝ Եգիպտոսի միջնորդությամբ: Պաղեստինցիներն ու իսրայելցիները այժմ գնահատում են 11-օրյա ռազմական գործողություններից կրած վնասը, երբ Իսրայելը ավիահարվածներ էր հասցրել Գազային, իսկ գրոհայինները՝ հրթիռների հարվածներ Իսրայելի ուղղությամբ:













