«Մերձավորարևելյան հիմնախնդրի միակ լուծումը երկու պետության ստեղծումն է»․ Բայդեն
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն ասել է, որ մերձավորարևելյան հիմնախնդրի միակ լուծումը երկու պետության ստեղծումն է, և շեշտել է, որ Իսրայելի անվտանգության ապահովման հանձնառության հարցում իր դիրքորոշումը չի փոխվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալութունը։
«Մենք դեռ երկու պետության լուծման կարիք ունենք, սա միակ պատասխանն է», - ասել է Բայդենը՝ իր հարավկորեացի գործընկերոջ հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում:
Ինչպես ավելի վաղ տեղելացրել էր Tert.am-ը, Իսրայելի և պաղեստինյան ուժերի միջև հրադադարը երեկվանից ուժի մեջ է մտել: Հայտնի է, որ Գազայի հատվածում պաղեստինցիները նշում են այս դիմակայությունում «տարած հաղթանակը»՝ վերջին օրերի իրադարձություններից հետո հրադադարի հաստատումն այդպիսին համարելով:
Հրադադարի համաձայնությանը հասնելու հարցում մեծ է եղել Եգիպտոսի միջնորդական ներգավվածությունն ու գործադրած դիվանագիտական ջանքերը, որոնք բարձր է գնահատել նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:
Պաղեստինցիների և իսրայելցիների միջև սկսված բախումների հետևանքով պաղեստինյան կողմում զոհերի թիվը 248 է, որոնցից 66-ը երեխա և ավելի քան 38-ը կին, վիրավորվել է մոտ 1600 պաղեստինցի, իսկ իսրայելական կողմում զոհերի թիվը 12-ն է, այդ թվում՝ 2 երեխա։ Վիրավորների թիվը առնվազն 300 է։










