ԱՄՆ պետքարտուղարն ու Պաղեստինի նախագահը քննարկել են հրադադարի միջոցառումներն ու մարդասիրական օգնության տրամադրման վերաբերյալ հարցերը
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հեռախոսազրույց է ունեցել Պաղեստինի ինքնավարության նախագահ Մահմուդ Աբբասի հետ և քննարկել պաղեստինցիների և իսրայելցիների միջև հրադադարի ռեժիմի ապահովման միջոցառումները, հայտնում է Al Jazeera լրատվականը։
Բլինկենն ասել է, որ Միացյալ Նահանգները հավատարիմ է Պաղեստինի ինքնավարության և ՄԱԿ-ի հետ համագործակցությանը՝ մարդասիրական օգնություն ցուցաբերելու և Գազայի վերակառուցման համար միջազգային աջակցությունը մոբիլիզացնելու համար։
Բլինկենը և Աբբասը հայտարարել են հաղորդակցության գծերը բաց պահելու դիրքորոշմանը հավատարիմ լինելու մասին։
Ինչպես ավելի վաղ տեղելացրել էր Tert.am-ը, Իսրայելի և պաղեստինյան ուժերի միջև հրադադարը երեկվանից ուժի մեջ է մտել:
Հրադադարի համաձայնությանը հասնելու հարցում մեծ է եղել Եգիպտոսի միջնորդական ներգավվածությունն ու գործադրած դիվանագիտական ջանքերը, որոնք բարձր է գնահատել նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:
Պաղեստինցիների և իսրայելցիների միջև սկսված բախումների հետևանքով պաղեստինյան կողմում զոհերի թիվը 248 է, որոնցից 66-ը երեխա և ավելի քան 38-ը կին, վիրավորվել է մոտ 1600 պաղեստինցի, իսկ իսրայելական կողմում զոհերի թիվը 12-ն է, այդ թվում՝ 2 երեխա։ Վիրավորների թիվը առնվազն 300 է։










