Հնդկաստանի մայրաքաղաքում «սև բորբոսով» վարակվելու մոտ 200 նոր դեպք է հայտնաբերվել

19:04 • 22.05.21

Հնդկաստանում մոտ 200 մարդ վարակվել է մուկորմիկոզ սնկային հիվանդությամբ, որն անվանում են նաև «սև բորբոս»: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Դելի մայրաքաղաքային շրջանի (որում ընդգրկված է Նյու Դելին) առողջապահության նախարար Սատենդար Ջայնը:

«Քաղաքում արդեն գրանցվել է «սև բորբոսով» վարակվելու 197 դեպք»: Նախկինում տարվա կտրվածքով հայտնի էր դառնում 30-50 նման դեպքի մասին, այժմ թվերը բավականին արագ են աճում»,- հայտնել է պաշտոնյան: Նրա խոսքով՝ 8-10 մասնավոր և 3 պետական հիվանդանոցներ բուժում են սնկային հիվանդությամբ վարակվածներին:

Մասնագետը հայտնել է հիվանդության բուժման համար անհրաժեշտ դեղամիջոցների, մասնավորապես՝ ամֆոտերիցինի սակավության մասին:

Բժիշկների խոսքով՝ մուկորմիկոզ ախտորոշվում է կորոնավիրուսով վարակված այն հիվանդների մոտ, որոնք գտնվել են վերակենդանացման բաժանմունքում և երկար ժամանակ թթվածին ու ստերոիդներ են ստացել:

Մուկորմիկոզով վարակման դեպքեր են գրանցվել Նյու Դելիում, Ռաջաստան, Թելանգանա, Մահարաշտրա, Կարնատակա, Ուտարկհանդ, Մադհյա Պրադեշ  նահանգներում: Տեղի ԶԼՄ-ների տվյալներով՝ առնվազն 7250 մարդ երկրում վարակված է այդ սնկային հիվանդությամբ:

Հնդկաստանի մայրաքաղաքում «սև բորբոսով» վարակվելու մոտ 200 նոր դեպք է հայտնաբերվել