Բայդենը հայտնել է՝ ինչ պայմանով կհանդիպի Կիմ Չեն Ընի հետ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ, եթե նա համաձայնի հրաժարվել միջուկային զենքից, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Եթե նա որոշակի պարտավորություններ ստանձնի, ես կհանդիպեի նրա հետ: Եթե դա պարտավորություն լինի, որ խոսքը վերաբերի նրա միջուկային զինանոցին, և որ հանդիպումը միջոց լինի ապաէսկալացնելու համար այն, ինչ նրանք անում են»,- ասել է Բայդենը Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի հետ բանակցություններից հետո:
Բացի այդ, նա հավելել է՝ Փհենյանը պետք է «ապաէսկալացման պարտավորություններ ստանձնի» մինչ «ցանկացած հանդիպում»: Դրա համար, ըստ ամերիկացի առաջնորդի, նախնական բանակցություններ կպահանջվեն ավելի ցածր մակարդակով:
«Ես կապահովեմ, որ իմ թիմը հանդիպի ԿԺԴՀ-ում իրենց գործընկերների հետ, և նրանց կտեղեկացնեմ մեր մտադրությունների մասին»,- ասել է Բայդենը: Միևնույն ժամանակ, նա շեշտել է, որ թույլ չի տա Կիմ Չեն Ընին հանդիպումն օգտագործել իրեն օրինականացնելու համար:
ԱՄՆ նախագահն ավելի վաղ ասել էր, որ Իրանի և ԿԺԴՀ-ի միջուկային ծրագրերը «լուրջ սպառնալիք են ներկայացնում Ամերիկայի և ամբողջ աշխարհի անվտանգության համար»: Նա խոստացել էր հակադարձել Իրանի և Հյուսիսային Կորեայի սպառնալիքներին «դիվանագիտությամբ և ուժեղ զսպմամբ»:
Հիշեցնենք՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը և ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, չնայած երկու երկրների միջև պաշտոնական հարաբերությունների բացակայությանը, նախկինում ունեցել են երեք հանդիպում և բազմիցս շեշտել են իրենց անձնական կապերի բարեկամական լինելը: Միևնույն ժամանակ, ինքը՝ Կիմ Չեն Ընը, հունվարին ԱՄՆ-ն անվանել էր Հյուսիսային Կորեայի «գլխավոր թշնամի»:










