Պոզներն ասել է, որ Ռուսաստանը չպետք է ղեկավարեն «հին ուղեղներով» մարդիկ
Հայտնի հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզները, խոսելով այն մասին, թե ինչպես կարելի է հասնել Ռուսաստանի բարգավաճման` այն դարձնելով լիբերալ և ժողովրդավարական երկիր, ասել է, որ այժմ նման բան անելն անհնար է, գրում է svpressa.ru-ն:
Պոզներն այս մասին ասել է «Նոր գիտելիք» լուսավորչական մարաթոնի ժամանակ ունեցած ելույթում` մանրամասնելով, որ ներկայում վերոնշյալն անելը հնարավոր չէ, քանի որ երկիրը ղեկավարում են «հին ուղեղներով» մարդիկ:
Հաղորդավարի խոսքով` ներկայում ՌԴ-ն ղեկավարում են մարդիկ, որոնք հաճախել են խորհրդային դպրոցներ, եղել են պիոներներ, կոմսոմոլներ, ԽՄԿԿ անդամներ և ձևավորվել են այնպիսի հասարակությունում, որն այժմ գոյություն չունի: Ուստի, ըստ Պոզների, նոր պայմաններում նրանք չպետք է ղեկավարեն երկիրն իրենց «հին ուղեղներով»:
Նա հույս է հայտնել, որ մեկ տասնամյակ անց ՌԴ-ում պաշտոններ կզբաղեցնեն նրանք, որոնք այժմ 18−20 տարեկան են և այդ ժամանակ, ըստ Պոզների, «երկիրը կդառնա ավելի բաց, լիբերալ և ժողովրդավար, իսկ ռուսները ուրիշի կարծիքը պատրաստ կլինեն լսել առանց չարության»:










