Վրաստանում «Բորժոմի» հանքային ջրի արտադրությունը դադարեցվել է՝ գործարանի աշխատակիցների գործադուլի պատճառով

11:08 • 22.05.21

Վրաստանում մոտ 400 աշխատողների գործադուլի պատճառով դադարեցվել է «Բորժոմի» հանքային ջրի արտադրությունը:

«Բորժոմիի թիվ 1 շշալցման գործարան»-ի և «Բորժոմիի թիվ 2 շշալցման գործարան»-ի ղեկավարություններն ու աշխատակիցները 4 օր շարունակ չեն կարողացել համաձայնության գալ, հաղորդում է lenta.ru-ն:

Գործարանի աշխատակիցները գործադուլ են հայտարարել մայիսի 18-ին՝ պահանջելով ավելի բարձր աշխատավարձ, հանգստյան օրեր և արտաժամյա աշխատանքի դիմաց վճարումներ:

Բացի այդ, տարաձայնությունների հիմնական պատճառներից են արհմիությունները: Գործադուլի մասնակիցները հրաժարվում են բանակցել ղեկավարության հետ առանց արհմիությունների անդամների մասնակցության և չեն ծրագրում դադարեցնել բողոքի ակցիաները:

Հիշեցնենք՝ Վրաստանի հարավային Սամցխե-Ջավախեթի շրջանում գտնվող «Բորժոմիի թիվ 1 շշալցման գործարան»-ի աշխատակիցները գործադուլ էին հայտարարել նաև 2012 թվականին: Դրանից հետո գործարանը դադարեցրել էր աշխատանքային գործընթացը: Այն ժամանակ ևս բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում էին բարձրացնել աշխատավարձերը և բարելավել աշխատանքային պայմանները: Աշխատակիցների խոսքով՝ գործարանի հիգիենայի ծառայությունում աշխատող անձինք օրական ստանում են մոտ 4 դոլար:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, գյուղատնտեսության, առևտրի և արդյունաբերության արհմիության փոխանցմամբ՝ աշխատակիցներն ասում են, որ իրենց աշխատավարձերը տարեկան 200-250 լարիով կրճատվում են, աշխատակազմի սղության պատճառով նրանք չեն կարողանում ընդմիջում անել և վճարվում են արտաժամյա աշխատանքի միայն մի փոքր մասի դիմաց:

Ընկերությունը, որում աշխատում են գործադուլավորները, կոչվում է «Իդեաս Բորժոմի Ջորջիա», դրա տնօրենը ՌԴ քաղաքացի Գեորգի Պավլովն է: Այս ընկերությունը, իր հերթին, պատկանում է «Իդեաս Բորժոմի Բեվերեյջս» ընկերությանը, որը գրանցված է Նիդերլանդներում:

Արհմիությունը նշել է նաև ընկերության դիրքորոշումը, որտեղ նշել են, որ «մայիսի 1-ին ընկերության ներկայացուցիչները շատ հիմնավոր առաջարկ են արել՝ բարձրացնել աշխատողների աշխատավարձերը», բայց գումարի չափը չի նշվում: Դրանից հետո ղեկավարությունը նշել է, որ մայիսի 14-ին արհմիությունից հաղորդագրություն է ստացել գործադուլ սկսելու մասին և աշխատակիցներին զգուշացնում է. «Այս նամակով ընկերությունը պաշտոնապես հայտարարում է, որ աշխատավարձերը բարձրացնելու ընկերության բոլոր առաջարկներն ուժը կկորցնեն գործադուլավոր աշխատակիցների համար»:

Վրաստանում «Բորժոմի» հանքային ջրի արտադրությունը դադարեցվել է՝ գործարանի աշխատակիցների գործադուլի պատճառով