Ֆրանսիայի ԱԳ նախարարը եվրոպական երկրներին կոչ է արել միասնական պատասխան տալ Բելառուսին՝ Մինսկում «Ryanair»-ի օդանավի կատարած վայրէջքի պատճառով

23:50 • 23.05.21

Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանը եվրոպական երկրներին կոչ է արել վճռական պատասխան տալ Բելառուսին՝ կապված Մինսկում Ryanair ավիաընկերության ինքնաթիռի վայրէջքի հետ: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ համապատասխան հայտարարությունը ֆրանսիացի նախարարն արել է իր թվիթերյան էջում:

Լե Դրիանն օդանավի չվերթի երթուղու փոփոխությունը Բելառուսի իշխանությունների կողմից «անթույլատրելի» է անվանել: «Անհրաժեշտ է եվրոպական երկրների վճռական և միասնական պատասխանը»,- գրել է ֆրանսիացի գործիչը:   

Նախարարը նաև կոչ է արել չվերթի «բոլոր ուղևորներին, այդ թվում՝ հնարավոր բելառուս ընդդիմադիրներին, թույլ տալ անհապաղ հեռանալ Բելառուսից»:

Նշվում է, որ տվյալ օդանավում Ֆրանսիայի 9 քաղաքացի է եղել:  

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Ryanair ավիաընկերության ինքնաթիռը, որը թռչելիս է եղել Աթենք-Վիլնյուս երթուղով, Բելառուսի տարածքի մեծ մասի վրայով անցնելուց և Լիտվայի հետ սահմանին մոտենալուց հետո փոխել է ընթացքը և շարժվել Մինսկի ուղղությամբ: Մինսկի օդանավակայանից հայտնել էին, որ օդաչուների փոխանցմամբ՝ օդանավը «ականապատված» է եղել, սակայն ստուգումների ընթացքում այդ տեղեկությունը հերքվել է:

Բելառուսական աղբյուրները հայտնում էին, որ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անձամբ է հրաման տվել Մինսկում ընդունել Ryanair ավիաընկերության ինքնաթիռը:

Ինքնաթիռի վայրէջքից հետո օդանավակայանում ձերբակալվել է Բելառուսում ծայրահեղական ճանաչված «NEXTA» թելեգրամյան ալիքի նախկին գլխավոր խմբագիր Ռոման Պրոտասևիչը:

Ֆրանսիայի ԱԳ նախարարը եվրոպական երկրներին կոչ է արել միասնական պատասխան տալ Բելառուսին՝ Մինսկում «Ryanair»-ի օդանավի կատարած վայրէջքի պատճառով