Լրացել է Թեհրանի և ՄԱԳԱՏԷ-ի միջև մոնիտորինգի վերաբերյալ ժամանակավոր համաձայնության ժամկետը
Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը կիրակի օրը հայտարարել է, որ մայիսի 22-ին ավարտվել է Իրանի միջուկային օբյեկտների դիտարկման վերաբերյալ Թեհրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) միջև ժամանակավոր եռամսյա համաձայնագիրը: Այս մասին գրում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
«Մայիսի 22-ից եռամսյա համաձայնագրի ավարտից հետո գործակալությունն այլևս հասանելիություն չի ունենա միջուկային օբյեկտների ներսում տեսախցիկների հավաքած տվյալներին»,-ասել է խորհրդարանի խոսնակը:
Ավելի վաղ ՄԱԳԱՏԷ-ն հայտնել էր, որ բանակցություններ է վարում Թեհրանի հետ գործարքի երկարաձգման շուրջ:
Փետրվարի 23-ից Իսլամական Հանրապետությունում ուժի մեջ էր մտել իրանական նոր օրենքի կետ, որը սահմանափակում է ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների մուտքը իրանական միջուկային օբյեկտներ:










