Պետք է սահմանազատումը տեղի ունենա, որ Պուտինի, Լուկաշենկոյի համար հստակ լինի, թե ՀԱՊԿ-ի միասնական սահմանը ՀՀ-ում որտեղով է անցնում. Հովիկ Աղազարյան (տեսանյութ)
Սահմանային իրավիճակը վերահսկվում է ամենայն հավանականությամբ ՊՆ-ի կողմից և այդ դժվար իրողությունը, որ ստեղծվել է, դրա վերջնական լուծմանը հանգելու համար պետք է ցուցաբերել համբերություն: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը` անդրադառնալով ՀՀ սահմանամերձ տարածքներին:
«Պետք է աշխատել խուսափել այնպիսի իրավիճակներից, որ հնարավորություն կտա մեր հակառակորդներին սադրանքի բնույթով քայլեր անել: Երբ հատվում է Հայաստանի պետական սահմանը, նշանակում է, որ հատվում է ՀԱՊԿ-ի միասնական սահմանը և ՀԱՊԿ-ի միասնական սահմանը հատելու դեպքում այն հատվածում կոնկրետ այս պահին մեր հայրենիքի հատվածում այդ երևույթի տեղի ունենալու դեպքում իշխանությունները և մենք դիմում ենք ՀԱՊԿ-ին, ինչն էլ արվել է և հիմա սպասում ենք քայլերի»,- ասաց Հովիկ Աղազարյանը:
Նա նաև անդրադարձ կատարեց առաջնագծի կահավորմանը և նշեց՝ իրատեսական չէր այս կարճ ժամանակահատվածում առաջնագիծը կահավորելը: Նա նաև անդրադարձավ ՀՀ պետական սահմանների սահմանազատմանը:
«Ի՞նչ տարբերություն այդտեղից տարածք տրվի, թե ուրիշ տեղից տարածք տրվի: Տարածքը տարածք է, ի՞նչ տարբերություն: Բա, եթե չսկսենք սահմանազատումների գործընթաց, ապա ե՞րբ կկարգավորվեն մեր և Ադրբեջանի հարաբերությունները, հո ամեն անգամ մենք պատերազմ չե՞նք սկսելու նման դեպքերում, պետք է սահմանազատումը տեղի ունենա, որ Պուտինի համար, Լուկաշենկոյի համար ՀԱՊԿ անդամ մյուս երկրների ղեկավարների համար ակնհայտ և հստակ լինի՝ ՀԱՊԿ-ի միասնական սահմանը Հայաստանի մասով որտեղով է անցնում, որ խնդիր չլինի»,- նշեց նա:
Հովիկ Աղազարյանը նաև ընդգծեց՝ այն, որ սահմանամերձ գյուղերից անասուններ են գողանում անհանսգտանալու պատճառ չէ:
«Ես չեմ կարծում, որ սահմանամերձ բնակիչների անհանգստությունները տեղին են, հա կարող է պատահի, որ անասունները արոտ անելուց մոտենան սահմանային հատվածին և անշնորհքավարի ադրբեջանցի զինվորականները ինչ-որ քայլեր, բայց դա այն երևույթները չեն, որ դրանով պատերազմ սկսենք»,- ասաց Հովիկ Աղազարյանը:










