Լատվիական AirBaltic-ը որոշում է կայացրել չթռչել Բելառուսի օդային տարածքով` նախօրեին Ryanair-ի օդանավի հետ կապված միջադեպի պատճառով

11:55 • 24.05.21

Լատվիական AirBaltic ազգային ավիաընկերությունը որոշում է կայացրել չթռչել Բելառուսի օդային տարածքով` նախօրեին Ryanair ավիաընկերության` Աթենք-Վիլնյուս չվերթն իրականացնող օդանավի հետ կապված միջադեպի պատճառով:

Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը, երկրի տրանսպորտի նախարար Թալիս Լինկայտսը Լատվիական ռադիոյի եթերում հայտարարել է, որ Ryanair-ի օդանավի` Մինսկում կատարած վայրէջքի հետ կապված իրավիճակն արտառոց է և բազմաթիվ հարցեր է առաջ բերում Բելառուսի օդային տարածքով չվերթների անվտանգության առնչությամբ:

«Մեր ազգային AirBaltic ավիաընկերությունն ուշադիր հետևում է տարբեր երկրների օդային տարածքներում անվտանգությանը և արդեն որոշում է կայացրել չօգտագործել Բելառուսի օդային տարածքն իր թռիչքների համար»,- ընդգծել է նախարարը:

Իռլանդական բյուջետային ավիաընկերության ինքնաթիռը կիրակի հարկադիր վայրէջք է կատարել Մինսկում: Մինսկի օդանավակայանից հայտնել էին, որ օդաչուների փոխանցմամբ՝ օդանավն «ականապատված» է եղել, սակայն ստուգումների ընթացքում այդ տեղեկությունը հերքվել է:

Բելառուսական աղբյուրները հայտնում էին, որ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անձամբ է հրաման տվել Մինսկում ընդունել Ryanair ավիաընկերության ինքնաթիռը: Ինքնաթիռի վայրէջքից հետո օդանավակայանում ձերբակալվել է Բելառուսում ծայրահեղական ճանաչված NEXTA թելեգրամյան ալիքի նախկին գլխավոր խմբագիր Ռոման Պրոտասևիչը:

Լատվիական AirBaltic-ը որոշում է կայացրել չթռչել Բելառուսի օդային տարածքով` նախօրեին Ryanair-ի օդանավի հետ կապված միջադեպի պատճառով