Ուհանի վիրուսաբանության ինստիտուտի երեք գիտնականները կորոնավիրուսի բռնկումից որոշ ժամանակ առաջ ծանր հիվանդացել և հիվանդանոց են տեղափոխվել․ WSJ

09:04 • 24.05.21

Չինաստանի Ուհան քաղաքի վիրուսաբանության ինստիտուտի երեք չինացի գիտնականները կորոնավիրուսի համավարակի բռնկումից որոշ ժամանակ առաջ ծանր հիվանդացել են, գրում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով ամերիկյան հետախուզության տվյալները։

Ուհանում COVID-19-ի առաջին բռնկումն արձանագրվել է 2019 թվականի դեկտեմբերին։ Ինչպես նշում է հրատարակությունը, հիշյալ գիտնականները հիվանդանոց են դիմել դեռևս 2019-ի նոյեմբերին: Ընդ որում, նրանք ունեցել են նմանատիպ ախտանիշներ, ինչ կորոնավիրուսով հիվանդները։

Հոդվածի հեղինակները պնդում են, որ ամերիկյան հետախուզության այս տեղեկատվությունը կարող է «մեծացնել Ուհանի վիրուսաբանության ինստիտուտում ԱՀԿ-ի հետաքննությունից զատ մեկ այլ ամբողջական հետաքննություն անցկացնելու ճնշումները»։

Նշվում է նաև, որ Չինաստանի ԱԳՆ-ում WSJ-ի համապատասխան հարցմանն ի պատասխան Վաշինգտոնին մեղադրել են վիրուսաբանության ինստիտուտից կորոնավիրուսի արտահոսքի տեսությունը գովազդելու փորձերի համար:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտին հրապարակել է COVID-19-ի ծագումը պարզելու համար Ուհան քաղաք այցելած իր փորձագետների միջազգային խմբի զեկույցի ամբողջական տարբերակը: Փաստաթղթում վիրուսաբանության ինստիտուտից կորոնավիրուսի արտահոսքն անվանել են «քիչ հավանական»։ Զեկույցում նշվում է, որ նոր տեսակի կորոնավիրուսը, ամենայն հավանականությամբ, մարդուն փոխանցվել է չղջիկների միջոցով։

Զեկույցի հրապարակումից հետո ԱՄՆ-ն և ևս 13 պետություններ համատեղ հայտարարություն են հրապարակել՝  կոչ անելով COVID-19-ի ծագման «թափանցիկ և անկախ» հետաքննություն անցկացնել:

Ուհանի վիրուսաբանության ինստիտուտի երեք գիտնականները կորոնավիրուսի բռնկումից որոշ ժամանակ առաջ ծանր հիվանդացել և հիվանդանոց են տեղափոխվել․ WSJ