«ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ի երկրները զինում են ուկրաինական բանակը. ՌԴ-ն իր ռազմական պլանավորման հարցում ստիպված է հաշվի առնել դա»․ Լավրով
ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ի երկրները զինում են ուկրաինական բանակը, ուստի Ռուսաստանն իր ռազմական պլանավորման հարցում ստիպված է դա հաշվի առնել, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխացում է ria.ru-ն։
«Ես կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ Միացյալ Նահանգներն ու ՆԱՏՕ-ի գծով նրա դաշնակիցները մեծացնում են իրենց ռազմական ակտիվությունը Ուկրաինայի տարածքում և Սև ծովում։ Նրանք զինում են ուկրաինական բանակը, ֆինանսական և նյութական աջակցություն են ցուցաբերում, Ուկրաինայի զինված ուժերին սովորեցնում են ՆԱՏՕ-ի մեթոդներով պատերազմել»,- ասել է Լավրովը «Արգումենտի ի ֆակտի» թերթին տված հարցազրույցում:
Նրա խոսքով՝ միայն 2021 թվականին Ուկրաինայի տարածքում նախատեսվում է յոթ համատեղ զորավարժություն անցկացնել ՆԱՏՕ-ի երկրների հետ: Մասնավորապես, ուկրաինացի զինվորականները մասնակցում են ՆԱՏՕ-ի Defender Europe 2021 խոշորագույն զորավարժություններին։
«Ռուսաստանը պետք է այս ամենը հաշվի առնի իր ռազմական պլանավորման մեջ», - ասել է նախարարը՝ նշելով, որ «Ուկրաինայի ռազմականացումը չի նպաստում Դոնբասի հակամարտության կարգավորմանը»:










