Ռուսաստանում կրկեսային ներկայացման ժամանակ առյուծը հարձակվել է կենդանի վարժեցնողի վրա․ հանդիսատեսը սկսել է խուճապահար այսուայն կողմ փախչել (լուսանկարներ, տեսանյութ)
Ռուսաստանում օրերս տեղի ունեցած կրկեսային ներկայացման ժամանակ էգ առյուծը հարձակվել է կենդանի վարժեցնող Մաքսիմ Օռլովի վրա, գրում է Mirror-ը։
Համացանցում հայտնված կադրերում երևում է՝ ինչպես է ակնհայտորեն գազազած էգ առյուծը մեկ այլ առյուծի վրա հարձակվելուց հետո շրջվում և նետվում կենդանի վարժեցնողի վրա։ Կադրերում նաև երևում է, թե ինչպես է հանդիսատեսը խուճապահար այսուայն կողմ փախչում։
Նովոսիբիրսկում գտնվող կրկեսի աշխատակիցների օգնությամբ Օռլովին, ի վերջո, հաջողվել է ազատվել Վեգա անունով առյուծի ճիրաններից, սակայն պատահարից անմիջապես հետո նրան տեղափոխել են հիվանդանոց։
«Այսպիսի դեպքեր շատ հազվադեպ են տեղի ունենում, բայց կենդանիները մնում են կենդանիներ»,- ասել է կենդանի վարժեցնողը՝ նշելով, որ Վեգան այլևս չի մասնակցի հետագա ներկայացումներին։
Պարբերականը նշում է, որ կենդանու հարձակումից հետո Ռուսաստանում շատերը կոչ են անում արգելել կրկեսային ներկայացումների ժամանակ կենդանիների օգտագործումը։














