Բելառուսական ինքնաթիռներին կարող են արգելել վայրէջքը ԵՄ-ի օդանավակայաններում. Bloomberg
Եվրամիությունը դիտարկում է ԵՄ-ի երկրներում Բելառուսի ավիաընկերությունների ինքնաթիռների համար վայրԷջքի արգելքի հնարավորությունը: Մայիսի 24-ին այդ մասին հայտնել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով ԵՄ-ի գագաթնաժողովի անցկացման նախապատրաստման ընթացքին ծանոթ մի աղբյուր, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Բացի դրանից, Բրյուսելը կարող է արգելել Բելառուսի տարածքով ցամաքային տարանցիկ փոխադրումները Եվրամիության երկրներ:
Հիշեցնենք, որ նախօրեին Աթենք-Վիլնյուս երթուղով թռչող ինքնաթիռը, Բելառուսի տարածքի մեծ մասի վրայով անցնելուց և Լիտվայի հետ սահմանին մոտենալուց հետո փոխել է ընթացքը և շարժվել Մինսկի ուղղությամբ: Մինսկի օդանավակայանից հայտնել էին, որ օդաչուների փոխանցմամբ՝ օդանավը «ականապատված» է եղել, սակայն ստուգումների ընթացքում այդ տեղեկությունը հերքվել է:
Բելառուսական աղբյուրները հայտնում էին, որ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անձամբ է հրաման տվել Մինսկում ընդունել Ryanair ավիաընկերության ինքնաթիռը: Ինքնաթիռի վայրէջքից հետո օդանավակայանում ձերբակալվել է Բելառուսում ծայրահեղական ճանաչված NEXTA թելեգրամյան ալիքի նախկին գլխավոր խմբագիր Ռոման Պրոտասևիչը:










