Հուսով ենք, որ խոհեմությունը կգերակշռի․ Մինսկը մեկնաբանել է Բելառուսի վրայով թռիչքներն արգելելու ԵՄ ծրագրերը
Պաշտոնական Մինսկն ակնկալում է, որ ԵՄ-ում խոհեմությունը կգերակշռի, և որ արգելք չի սահմանվի Բելառուսի տարածքով եվրոպական ընկերությունների թռիչքների համար: Այս մասին հայտարարել է երկրի տրանսպորտի և կապի նախարարության ավիացիայի վարչության տնօրեն Արտյոմ Սիկորսկին, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Մենք նման հաշվարկներ չենք կատարել (Մինսկի հնարավոր կորուստների մասին), Եվ հուսով ենք, որ խոհեմությունը կգերակշռի, և Եվրամիությունը չի սկսի նման պատժամիջոցներ եվրոպական ընկերությունների դեմ»,- ասել է Սիկորսկին ճեպազրույցում: Այսպես նա պատասխանել է ԵՄ երկրների ընկերությունների համար թռիչքների արգելքներ սահմանելու դեպքում բելառուսական կողմի հնարավոր կորուստների մասին հարցին:
Սիկորսկին նշել է, որ եզակի դեպքերում են ավիաընկերությունները հրաժարվում հանրապետության տարածքով օդային տարանցումից:
Հիշեցնենք, որ Ryanair ավիաընկերության Boeing 737-800 օդանավը, որն իրականացնելիս է եղել Աթենք-Վիլնյուս չվերթը, մայիսի 23-ին արտակարգ վայրէջք է կատարել Մինսկում: Օդանավի վայրէջքից հետո օդանավակայանում ձերբակալվել է չվերթի ուղևորներից մեկը` բելառուսական ընդդիմադիր NEXTA թելեգրամյան ալիքի համահիմնադիր Ռոման Պրոտասևիչը: Վերջինիս 15 տարվա ազատազրկում է սպառնում: Նրա նկատմամբ գործ է հարուցվել զանգվախային անկարգություններին մասնակցելու համար:










