Բորելը պահանջում է միջազգային հետաքննություն անցկացնել Մինսկում Ryanair-ի ինքնաթիռի արտակարգ վայրէջքի և բելառուս ընդդիմադիր լրագրողի ձերբակալման առնչությամբ
ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել միջազգային հետաքննություն անցկացնել` Մինսկում Ryanair ընկերության ուղևորատար ինքնաթիռի հետ կապված միջադեպի առնչությամբ:
«Դա բելառուսական իշխանությունների ևս մեկ ակնհայտ փորձ է լռեցնելու ընդդիմության բոլոր ձայները»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ` ասվում է Բորելի հայտարարության մեջ:
Բորելը կոչ է արել անհապաղ ազատ արձակել ընդդիմադիր լրագրող, Nexta թելեգրամյան ալիքի համահիմնադիր Ռոման Պրոտասևիչին, որին ձերբակալել էին Մինսկի օդանավակայանում ինքնաթիռի վայրէջքից հետո:
ԵՄ ներկայացուցչի խոսքով` բելառուսական իշխանությունները վտանգի տակ են դրել ուղևորների և անձնակազմի ավտանգությունը:
«Այս իրավիճակը կքննարկվի Եվրոպայի խորհրդի կայանալիք նիստում: ԵՄ-ն կդիտարկի կատարվածի հանգամանքները, այդ թվում միջոցներ կձեռնարկի պատասխանատու անձնանց նկատմամբ», - հավելել է Բորելը:
Հիշեցնենք, որ նախօրեին Աթենք-Վիլնյուս երթուղով թռչող ինքնաթիռը, Բելառուսի տարածքի մեծ մասի վրայով անցնելուց և Լիտվայի հետ սահմանին մոտենալուց հետո փոխել է ընթացքը և շարժվել Մինսկի ուղղությամբ: Մինսկի օդանավակայանից հայտնել էին, որ օդաչուների փոխանցմամբ՝ օդանավը «ականապատված» է եղել, սակայն ստուգումների ընթացքում այդ տեղեկությունը հերքվել է:
Բելառուսական աղբյուրները հայտնում էին, որ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անձամբ է հրաման տվել Մինսկում ընդունել Ryanair ավիաընկերության ինքնաթիռը: Ինքնաթիռի վայրէջքից հետո օդանավակայանում ձերբակալվել է Բելառուսում ծայրահեղական ճանաչված NEXTA թելեգրամյան ալիքի նախկին գլխավոր խմբագիր Ռոման Պրոտասևիչը:










