Ավելի քան 1,4 մլն դոլար. Մեծ Բրիտանիայում ամրոցից գողացել են Մարի Ստյուարտ թագուհուն պատկանած և այլ թանկարժեք իրեր (լուսանկարներ)
Անհայտ անձինք ավելի քան 1 մլն ֆունտ ստերլինգ (ավելի քան 1,4 մլն դոլար) արժողությամբ իրեր են գողացել Մեծ Բրիտանիայի Արևմտյան Սասեքս կոմսության տարածքում գտնվող Արանդելի ամրոցից:
Ինչպես հայտնում է BBC News-ը, գողացված առարկաներից յուրահատուկ արժեք է ներկայացնում Շոտլանդիայի թագուհի Մարի Ստյուարտի (իշխել է 1542-1567թթ.) ոսկյա համրիչը, որը նրա մոտ է եղել 1587 թվականին մահապատժի ենթարկվելիս:
Նշվում է, որ գողացված առարկաները բավականին թանկ արժեն: Եզակի մշակութային նշանակություն ունեն նաև Նորֆոլկի դուքսի հավաքածուի մաս կազմող իրերը:
Գողությունը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան: Տեղի ոստիկանության ներկայացուցչի պնդմամբ` իրավապահները դեպքի վայր են ժամանել տագնապի ազդանշանի միանալուն պես: Արժեքավոր իրերը գողացվել են ցուցասրահներից մեկից: Ներկա պահին հետաքննություն է անցկացվում:











