Ճապոնիայում հայտնել են չինական 4 նավի՝ վիճելի Սենկակու կղզիների տարածքային ջրեր մտնելու մասին
Ճապոնիայի ծովային անվտանգությունն արձանագրել է, որ Սենկակու կղզիների մերձակայքում գտնվող տարածքային ջրերում 4 չինական նավ է հայտնվել:
Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ ճապոնական Kyodo-ին հղումով:
Երկուշաբթի երեկոյան Սենկակու կղզիների տարածքային ջրեր է մտել 4 նավ, որոնք պատկանում են Չինաստանին: Դրանցից երկուսը փորձել են մոտենալ ճապոնական ձկնորսական նավի: Ըստ լրատվամիջոցի՝ այս տարվա սկզբից ի վեր սա Ճապոնիայի տարածքային ջրերում չինական նավերի 18-րդ հայտնվելու դեպքն է:
Նշվում է՝ չինական նավերից մեկի վրա նույնիսկ ավտոմատացված թնդանոթ է նկատվել:
Հիշեցնենք՝ Սենկակու կղզիները տարածքային վեճի առարկա է Չինաստանի և Ճապոնիայի միջև: Ճապոնիան պնդում է, որ դրանք գրավել է 1895-ին, սակայն Պեկինում հիշեցնում են, որ 1783 և 1785 թվականների ճապոնական քարտեզներում Դայոյուն (Սենկակուի չինական անվանումը,-խմբ.) նշված է որպես Չինաստանի տարածք:
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կղզիները գտնվել են ԱՄՆ վերահսկողության տակ և 1972 թվականին զիջվել են Ճապոնիային: Թայվանը և մայրցամաքային Չինաստանն այն կարծիքին են, որ դա անօրինական է:
Միևնույն ժամանակ, Տոկիոն կարծում է, որ Չինաստանը և Թայվանը սկսել են հավակնել կղզիներին 1970-ականներից, երբ հայտնի է դարձել, որ դրանց ջրերը հարուստ են օգտակար հանածոներով: Տարածքային վեճն ավելի է սրվել այն բանից հետո, երբ Ճապոնիայի կառավարությունը 2012 թվականին ճապոնացի մասնավոր սեփականատիրոջից գնել էր Սենկակու արշիպելագի հինգ կղզիներից երեքը՝ այդպիսով շեշտելով դրանց պետական կարգավիճակը:










