Իսրայելի և Պաղեստինի դեսպանները շնորհակալություն են հայտնել Հունաստանին հակամարտության վերջին սրացման ընթացքում ցուցաբերած աջակցության համար

16:43 • 24.05.21

Աթենքում Իսրայելի և Պաղեստինի դիվանագիտական ներկայացուցչությունները շնորհակալություն են հայտնել Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասին՝ աջակցության և համերաշխության համար, հայտնում է Greek City Times թերթը։

Աթենքում Իսրայելի դեսպանը նշել է, որ Հունաստանի բարյացկամ վերաբերմունքն ու արտգործնախարար Նիկոս Դենդիասի այցը Երուսաղեմ, որի ընթացքում հանդիպել է իր իսրայելցի գործընկերոջ հետ, նշանակալի ներդրում է եղել։

Պաղեստինի դեսպանը, իր հերթին, երախտագիտություն է հայտնել Դենդիասի հայտարարության համար, որն արել է Պաղեստինի վարչապետի հետ հանդիպումից հետո։

Դենդիասը հանդիպման ընթացքում վերահաստատել է Հունաստանի հավատարմությունը իսրայելա-պաղեստինյան հակամարտության`1967 թվականին գոյություն ունեցած սահմաններով և Երուսաղեմ մայրաքաղաքով երկու պետությունների ստեղծման միջոցով լուծմանը:

Հիշեցնենք, որ հակամարտության սրումը դադարեցվել էր անցած շաբաթ, երբ Իսրայելն ու ՀԱՄԱՍ շարժումը պայմանավորվել են հրադադարի շուրջ: Վերջին բախումների հետևանքով զոհվել էր մոտ երեք հարյուր մարդ:

Իսրայելի և Պաղեստինի դեսպանները շնորհակալություն են հայտնել Հունաստանին հակամարտության վերջին սրացման ընթացքում ցուցաբերած աջակցության համար