Էստոնիան Բելառուսից պահանջում է ազատել ընդդիմադիր NEXTA թելեգրամյան ալիքի համահիմնադիր Ռոման Պրոտասևիչին

18:30 • 24.05.21

Էստոնիայի արտաքին գործերի նախարարությունը երկուշաբթի կանչել է Բելառուսի դեսպան Վյաչեսլավ Կաչանովին: Այս մասին գրում է EADaily լրատվականը:

Տալինն իր վրդովմունքն է արտահայտել Մինսկում Ryanair-ի ինքնաթիռի միջադեպի և ընդդիմադիր Ռոման Պրոտասևիչի ձերբակալման կապակցությամբ:

«Էստոնիան անհրաժեշտ է համարում կանչել Բելառուսի դեսպանին՝ նրան հստակ ուղերձ փոխանցելու, թե որքանով անընդունելի են այսպիսի գործողությունները, քանի որ դրանք ակնհայտորեն հակասում են միջազգային իրավունքին»,- հայտարարել է Էստոնիայի արտգործնախարար Եվա Մարիա Լիյմեցը:

Լիյմեցի խոսքով`դեսպանին ասել են նաև, որ «վայրէջքից հետո ինքնաթիռից բերման ենթարկված լրագրողը պետք է ազատ արձակվի, և եթե նա ցանկանա, նրան նույնպես պիտի թույլատրվի լքել Բելառուսը»:

Հիշեցնենք, որ Ryanair ավիաընկերության Boeing 737-800 օդանավը, որն իրականացնելիս է եղել Աթենք-Վիլնյուս չվերթը, մայիսի 23-ին արտակարգ վայրէջք է կատարել Մինսկում: Օդանավի վայրէջքից հետո օդանավակայանում ձերբակալվել է չվերթի ուղևորներից մեկը` բելառուսական ընդդիմադիր NEXTA թելեգրամյան ալիքի համահիմնադիր Ռոման Պրոտասևիչը: Վերջինիս 15 տարվա ազատազրկում է սպառնում: Նրա նկատմամբ գործ է հարուցվել զանգվածային անկարգություններին մասնակցելու համար:

Էստոնիան Բելառուսից պահանջում է ազատել ընդդիմադիր NEXTA թելեգրամյան ալիքի համահիմնադիր Ռոման Պրոտասևիչին