ԵՄ-ում Բելառուսի մշտական ներկայացուցիչը Ryanair-ի ինքնաթիռի հետ կապված միջադեպից հետո կանչվել է ԵՄ արտաքին հարաբերությունների ծառայություն

17:58 • 24.05.21

Եվրոպական Միությունը Ryanair-ի ինքնաթիռի հետ կապված միջադեպից հետո կանչել է Բելառուսի մշտական ներկայացուցչին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

ԵՄ արտաքին հարաբերությունների ծառայության գլխավոր քարտուղար Ստեֆանո Սաննինոն կանչել է Բելառուսի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Միխնևիչին՝ խստորեն դատապարտելու Ryanair-ի ինքնաթիռի հետ կապված միջադեպը։

«Մշտական ներկայացուցիչ Միխնևիչը տեղեկացվել է ԵՄ ինստիտուտների և անդամ պետությունների կողմից ընդունված ակտի մասին, որը խստիվ դատապարտում է  միջադեպը, որով Բելառուսի իշխանությունները վտանգի տակ են դրել ուղևորներին և անձնակազմին»,-ասված է հայտարարությունում։

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Ryanair ավիաընկերության ինքնաթիռը, որը թռչելիս է եղել Աթենք-Վիլնյուս երթուղով, Բելառուսի տարածքի մեծ մասի վրայով անցնելուց և Լիտվայի հետ սահմանին մոտենալուց հետո փոխել է ընթացքը և շարժվել Մինսկի ուղղությամբ: Մինսկի օդանավակայանից հայտնել էին, որ օդաչուների փոխանցմամբ՝ օդանավը «ականապատված» է եղել, սակայն ստուգումների ընթացքում այդ տեղեկությունը հերքվել է:

Բելառուսական աղբյուրները հայտնում էին, որ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անձամբ է հրաման տվել Մինսկում ընդունել Ryanair ավիաընկերության ինքնաթիռը:

Ինքնաթիռի վայրէջքից հետո օդանավակայանում ձերբակալվել է Բելառուսում ծայրահեղական ճանաչված «NEXTA» թելեգրամյան ալիքի նախկին գլխավոր խմբագիր Ռոման Պրոտասևիչը, որի նկատմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, հարուցվել է քրեական գործ մի քանի հոդվածով և կարող է սահմանվել 15 տարվա ազատազրկում։

ԵՄ-ում Բելառուսի մշտական ներկայացուցիչը Ryanair-ի ինքնաթիռի հետ կապված միջադեպից հետո կանչվել է ԵՄ արտաքին հարաբերությունների ծառայություն