«Ավելին, քան որևէ այլ երկիր». Իսրայելի դեսպանն Ադրբեջանին շնորհակալություն է հայտնել «Եվրատեսիլ»-ում տրված 12 միավորի համար

10:02 • 24.05.21

Ադրբեջանում Իսրայելի դեսպան Ջորջ Դիկն իր թվիթերյան օգտահաշվում շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին «Եվրատեսիլ» համաեվրոպական երգի մրցույթում Իսրայելի մասնակցին 12 բալ տալու համար:

«Շնորհակալ եմ, Ադրբեջան: Երեկ կայացած «Եվրատեսիլ-2021»-ին ադրբեջանցի ժողովուրդը բարեկամական վերաբերմունք է ցուցաբերել Իսրայելի նկատմամբ` նրան շնորհելով 12 բալ` ավելին, քան որևէ այլ երկիր: Մենք իսկապես տպավորված ենք, շատ շնորհակալություն»,-գրել է դեսպանը:

«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին այս տարի հաղթել է Իտալիան:

Ազգային ժյուրիների և հեռուստադիտողների քվեարկության ընդհանուր արդյունքներով` Իտալիան ներկայացնող Maneskin ռոք խումբը Zitti e Buoni երգի կատարմամբ հավաքել է 524 միավոր: Երկրորդ տեղը զբաղեցրել է Ֆրանիայի ներկայացուցիչ Բարբարա Պրավին՝ 499 միավորով, երրորդը Շվեյցարիան է՝ 432 միավորով:

Իտալիան երգի մրցույթի պատմության մեջ երրորդ անգամ է հաղթում. այս հաղթանակը առաջինն էր 1990 թվականից ի վեր:

Այս տարվա եզրափակիչ փուլին մասնակցում էին Ալբանիայի, Բուլղարիայի, Մոլդովայի, Սերբիայի, Հունաստանի, Ֆինլանդիայի, Պորտուգալիայի, Իսլանդիայի, Շվեյցարիայի, Սան Մարինոյի, Ռուսաստանի, Նորվեգիայի, Իսրայելի, Ադրբեջանի, Մալթայի, Լիտվայի, Կիպրոսի, Շվեդիայի, Բելգիայի և Ուկրաինայի ներկայացուցիչները, ինչպես նաև՝ Մեծ Բրիտանիան, Իսպանիան, Գերմանիան, Իտալիան և Ֆրանսիան:

Հայաստանն այս տարի չի մասնակցել մրցույթին` հաշվի առնելով Արցախյան վերջին պատերազմի և դրա հետևանքների գործոնը։

«Ավելին, քան որևէ այլ երկիր». Իսրայելի դեսպանն Ադրբեջանին շնորհակալություն է հայտնել «Եվրատեսիլ»-ում տրված 12 միավորի համար