Պաղեստինի և Իսրայելի միջև հրադադարը պահպանվում է․ համակարգվում է Գազային հասանելիք մարդասիրական օգնությունը

10:10 • 24.05.21

Իսրայելի և Պաղեստինի միջև 11-օրյա մարտերից հետո հաստատված հրադադրի ռեժիմն արդեն 3-րդ օրն է՝ պահպանվում է, հայտնում է Al Jazeera լրատվականը։

Գազայի հատվածում ընթանում են ավերածությունների մաքրման աշխատանքներ՝ զուգահեռաբար իրականցվելով մարդասիրական օգնության տրամադրման աշխատանքներ։

Ինչպես ավելի վաղ տեղելացրել էր Tert.am-ը, Իսրայելի և պաղեստինյան ուժերի միջև հրադադարը մայիսի 21-ին տեղական ժամանակով 02:00-ին (Երևանի ժամանակով` 03:00-ին-խմբ.) ուժի մեջ է մտել: Հրադադարի համաձայնությանը հասնելու հարցում մեծ է եղել Եգիպտոսի միջնորդական ներգավվածությունն ու գործադրած դիվանագիտական ջանքերը, որոնք բարձր է գնահատել նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը: Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ Սիսիի հանձնարարականով եգիպտական երկու պատվիրակություն է գործուղվելու Իսրայել և Պաղեստին՝ կողմերի միջև հաստատված հրադադարի ռեժիմը վերահսկելու նպատակով:

Պաղեստինի տարածքների ՄԱԿ-ի մարդասիրական համակարգող Լին Հասթինգսն ասել է, որ ՄԱԿ-ը բողոք է ներկայացնելու խիտ բնակեցված անկլավում, որտեղ կորոնավիրուսային վարակի տարածման վտանգ կա, վնասները վերականգնելու համար:

«Էսկալացիան սրել է Գազայի առանց այդ էլ ծանր վիճակը, որն առաջացել է շուրջ 14 տարվա շրջափակման և ներքաղաքական պառակտումների, ինչպես նաև կրկնվող ռազմական գործողությունների հետևանքով», - ասել է Հասթինգսը և հավելել, որ պետք է կարիքները բավարարելու նպատակով աջակցություն լինի։

Հորդանանի թագավոր Աբդուլլահ 2-րդն, իր հերթին, կոչ է արել «ընդլայնել արաբական և միջազգային ջանքերը հրադադարի ռեժիմը երկարատև զինադադարի վերածելու ուղղությամբ՝ պաղեստինցիների օրինական իրավունքները բավարարով քաղաքական լուծման հասնելու համար»։ Այս մասին գրված է թագավորական տան թվիթերյան հաշվում։

Հայտնի է, որ Իսրայելի կողմից վերաբացված Քերեմ Շալոմ անցուղով դեղորայք, սնունդ և վառելիք է ներկրվել Գազա։

Պաղեստինցիների և իսրայելցիների միջև վերջերս սկսված բախումների հետևանքով պաղեստինյան կողմում զոհերի թիվը 248 է, որոնցից 66-ը երեխա և ավելի քան 38-ը կին, վիրավորվել է մոտ 1600 պաղեստինցի, իսկ իսրայելական կողմում զոհերի թիվը 12-ն է, այդ թվում՝ 2 երեխա։ Վիրավորների թիվն առնվազն 300 է։ Երուսաղեմում հուզումները սկսվել էին մայիսի 7-ին: Արաբ երիտասարդների և ոստիկանության միջև բախումները բռնկվել են մայիսի 8-ի երեկոյան, այնուհետև շարունակվել՝ տարածվելով Տաճարի լեռան և Ալ-Աքսա մզկիթի տարածքում:

Պաղեստինի և Իսրայելի միջև հրադադարը պահպանվում է․ համակարգվում է Գազային հասանելիք մարդասիրական օգնությունը