Լիտվան իր քաղաքացիներին խնդրել է լքել Բելառուսը և չուղևորվել այնտեղ

17:36 • 24.05.21

Լիտվայի արտգործնախարարությունը խորհուրդ է տվել իր երկրի քաղաքացիներին լքել հարևան Բելառուսը և չուղևորվել այդ երկիր:

Այս մասին ասվում է նախարարության հայտարարության մեջ, որը հրապարակվել է այսօր կեսօրին:

«Կարևոր տեղեկություն. հաշվի առնելով մայիսի 23-ի իրադարձությունները՝ մենք թախանձագին խորհուրդ ենք տալիս, որ Լիտվայի քաղաքացիները չգնան Բելառուսի Հանրապետություն և հեռանան այդ երկրից»,- ասվում է գերատեսչության ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարությունում:

Հիշեցնենք, որ նախօրեին Աթենք-Վիլնյուս երթուղով թռչող ինքնաթիռը, Բելառուսի տարածքի մեծ մասի վրայով անցնելուց և Լիտվայի հետ սահմանին մոտենալուց հետո փոխել է ընթացքը և շարժվել Մինսկի ուղղությամբ: Մինսկի օդանավակայանից հայտնել էին, որ օդաչուների փոխանցմամբ՝ օդանավը «ականապատված» է եղել, սակայն ստուգումների ընթացքում այդ տեղեկությունը հերքվել է:

Բելառուսական աղբյուրները հայտնում էին, որ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անձամբ է հրաման տվել Մինսկում ընդունել Ryanair ավիաընկերության ինքնաթիռը: Ինքնաթիռի վայրէջքից հետո օդանավակայանում ձերբակալվել է Բելառուսում ծայրահեղական ճանաչված NEXTA թելեգրամյան ալիքի նախկին գլխավոր խմբագիր Ռոման Պրոտասևիչը:

Լիտվան իր քաղաքացիներին խնդրել է լքել Բելառուսը և չուղևորվել այնտեղ