Մյանմարի հեռացված առաջնորդն առաջին անգամ դատարանի առաջ է կանգնել
Մյանմարի հեռացված առաջնորդ Աուն Սան Սու Չժին երկրում տեղի ունեցած ռազմական հեղաշրջումից հետո առաջին անգամ դատարանի առաջ է կանգնել, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։
75-ամյա առաջնորդը, որը 1991 թվականին ժողովրդավարություն կառուցելու ջանքերի համար Խաղաղության Նոբելյան մրցանակի է արժանացել, հեղաշրջման հետևանքով ձերբակալված 4 հազար անձանց թվում է։
Իր փաստաբանների հետ զրույցից հետո Սու Չժին առողջություն է մաղթել մարդկանց և նշել, որ իր ղեկավարած «Ազգային լիգա հանուն ժողովրդավարության» կուսակցությունը կլինի այնքան ժամանակ, քանի դեռ ժողովուդը կա։
Նշենք, որ ռազմական հեղաշրջման արդյունքում իշխանությունը ստանձնած զինվորականները որոշել են լուծարել «Ազգային լիգա հանուն ժողովրդավարության» կուսակցությունը՝ նոյեմբերին կայացած ընտրությունների ընթացքում «ձայները կեղծելու» համար։
Հիշեցնենք, որ Մյանմարում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջում, որի ընթացքում զինվորականները ձերբակալել են «Ազգային լիգա հանուն ժողովրդավարության» կուսակցության ղեկավար և պետական խորհրդական Աուն Սան Սու Չժիին, նախագահ Վին Մյինային և այլ բարձրաստիճան պաշտոնյաների: Զինվորական հեռուստատեսությունը հաղորդել էր երկրում մեկ տարի ժամկետով արտակարգ դրություն հայտարարելու մասին:










