«Վաշինգտոնը ռիսկի է դիմում՝ թույլ տալով Մերձավոր Արևելքում Մոսկվայի և Պեկինի ուժեղացումը». Պենտագոնի բարձրաստիճան ներկայացուցիչ

10:24 • 24.05.21

Վաշինգտոնը ռիսկի է դիմում՝ թույլ տալով Մերձավոր Արևելքում Մոսկվայի և Պեկինի ուժեղացումը` տարածաշրջանում ամերիկյան ռազմական ներկայության թուլացման ֆոնին:

Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով ԱՄՆ կենտրոնական հրամանատարության հրամանատար, գեներալ Քենեթ Ֆ. Մաքքենզիի խոսքերը:

«Մերձավոր Արևելքը, ընդհանուր առմամբ, մեծ տերությունների միջև բախման տեղ է: Եվ ես կարծում եմ, որ տարածաշրջանում մեր «կեցվածքը կարգավորելուն պես» Ռուսաստանը և Չինաստանը կփորձեն լրացնել այնտեղ գոյացած վակուումը»,- ասել է Մաքքենզին:

Մասնավորապես, հրամատանարը հավանական է համարել Ռուսաստանի և Չինաստանի ազդեցության ընդլայնումը Պարսից ծոցում:

«Կարծում եմ, որ նրանք (Ռուսաստանը և Չինաստանը,-խմբ.) հաշվի են առնում, որ Միացյալ Նահանգները փոխում է իր դիրքերը (Մերձավոր Արևելքում,-խմբ.) և նայում աշխարհի այլ մասերին, և նրանք դա կարող են իրենց համար որպես հնարավորություն տեսնել»,- շեշտել է նա:

Բացի այդ, Մաքքենզին նաև ենթադրել է, որ Ռուսաստանը և Չինաստանը տարածաշրջանում կարող են զբաղվել զենքի վաճառքով:

Ավելի վաղ ՆԱՏՕ-ն որոշում էր կայացրել մինչև մայիսի 1-ը սկսել զորքերի դուրսբերումն Աֆղանստանից: ԱՄՆ-ի վստահեցմամբ՝ գործընթացը կավարտի մինչև սեպտեմբերի 11-ը:

 

 

«Վաշինգտոնը ռիսկի է դիմում՝ թույլ տալով Մերձավոր Արևելքում Մոսկվայի և Պեկինի ուժեղացումը». Պենտագոնի բարձրաստիճան ներկայացուցիչ