2020-2021-ի իրադարձությունները նման են 1920-ի վերջին, երբ սահմանային ճշտումների ժամանակ Հայաստանից մի քանի հազար ք/կմ տրվեց Ադրբեջանին․ մեր խնդիրն է նորից դա թույլ չտալ․ իմքայլական պատգամավոր
Հայաստանի Հանրապետությունն ապրում է ծանր ու դժվար օրեր, ՀՀ տարածքի վրա գործնականում տեղի է ունեցել զինված հարձակում, ՀՀ ղեկավարությունը գործի է դրել անվտանգության ապահովման միջպետական և միջազգային մեխանիզմները՝ դիմելով ՀԱՊԿ-ին և ՌԴ-ին։
Այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գոռ Երանյանը՝ նշելով, թե ՀՀ-ն ակնկալում է ռազմական այդ դաշինքի ու ռազմավարական գործընկերոջ աջակցությունը՝ ՀՀ սահմանների վերականգնման համար, փոխարենը ՀՀ-ին առաջարկվում է միջնորդի դեր ստանձնել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև և ստորագրել սահմանների վերաբերյալ փաստաթուղթ։
Ըստ պատգամավորի՝ պետք է սթափ նայել տեղի ունեցող զարգացումներին․ «Հայաստանն ու ՌԴ-ն ունեն ռազմական դաշինք, բայց Ադրբեջանը նաև ՌԴ ռազմավարական գործընկերն է, չպետք է զարմանալ, որ ՀՀ ռազմական աջակցության կոչին ՌԴ-ն պատասխանում է միջնորդական առաքելություն իրականացնելու պատրաստակամությամբ, ինչն էլ տարակուսանք է առաջացրել հասարակության որոշ շրջանակներում»,-ասաց պատգամավորը։
Երանյանի խոսքով՝ ռազմական համագործակցությունն ու ռազմաքաղաքական դաշինքները որքան էլ կենսական անհրաժեշտություն լինեն, բայց միշտ չէ, որ կարող են ապահովել ՀՀ անվտանգությունը։
«Եթե ավելի կոնկրետ, Սյունիքում ռուսական հենակետերը չէ, որ պետք է մեզ պաշտպանեն։ ՀՀ-ն ինքը պետք է զօրուգիշեր աշխատանքի շնորհիվ սահմանային ամրություններ կառուցի, զարգացնի ինքնապաշտպանական համակարգը, որը թույլ կտա կանխել նման միջադեպերն ու սահմանային հարցերը լուծել ոչ թե ուժի, այլ հավասարը հավասարի դիրքերից»,- ասաց նա՝ նշելով․
«2020-2021-ի իրադարձությունները նման են 1920-ի վերջի և դրան հաջորդող ժամանակներին, երբ սահմանային ճշտումների ժամանակ Խորհրդային Հայաստանի տարածքից մի քանի հազար ք/կմ փոխանցվեց Խորհրդային Ադրբեջանին, այդ ժամանակ էլ հարցերը լուծվում էին այս տրամաբանությամբ, մեր խնդիրն է թույլ չտալ այդ տրամաբանության կրկնությունը»,- ասաց Գոռ Երանյանը։










