Կոնգրեսում կանխատեսել են, որ մինչև 2030-ը ԱՄՆ-ի միջուկային ծախսերը կկազմեն 634 մլրդ դոլար

08:56 • 25.05.21

ԱՄՆ Կոնգրեսի բյուջետային վարչության՝ նախօրեին հրապարակված զեկույցի համաձայն՝ մինչև 2030 թվականը միջուկային ուժերի պահպանման, ներառյալ՝ արդիականացման ծրագրերի համար Միացյալ Նահանգներին հարկավոր կլինի 634 մլրդ դոլար:

«2021 ֆինանսական տարվա համար Պենտագոնի և էներգետիկայի նախարարության բյուջետային հարցումների հավանության դեպքում (սկսվել է 2020 թվականի հոկտեմբերի 1-ին), 2021-ից մինչև 2030 թվականն ընկած ժամանակաշրջանում միջուկային ուժերի պահպանումն ընդհանուր առմամբ կարժենա 634 մլրդ դոլար։ Այդ ծավալի երկու երրորդը կգնա Պենտագոն. ամենամեծ ծախսերը կապված են ստորջրյա տեղակայման բալիստիկ հրթիռների և միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների հետ: Էներգետիկայի նախարարության ամենամեծ ծախսերի թվում են միջուկային զենքի լաբորատորիաները և դրանց հետ կապված գործունեությունը»,- ասված է զեկույցում։

Կոնգրեսի 2019 թվականի բյուջետային վարչության զեկույցում ընդհանուր ծախսերը գնահատվում էին 494 մլրդ դոլար․ կանխատեսվող ֆինանսավորման ծավալների ավելացումը կապված է, մասնավորապես, միջուկային արդիականացման ծրագրերի հետ:

Երկուշաբթի դեմոկրատ սենատորներ Էդվարդ Մարկին և Էրլ Բլյումենաուերը ներկայացրել են «միջուկային ծախսերի նկատմամբ ավելի խելամիտ մոտեցման» մասին օրինագիծը, որը նախատեսում է  73 մլրդ դոլարով ֆինանսավորման կրճատում:

Կոնգրեսում կանխատեսել են, որ մինչև 2030-ը ԱՄՆ-ի միջուկային ծախսերը կկազմեն 634 մլրդ դոլար