«Այս վտանգավոր հարկադիր վայրէջքի առնչությամբ պետք է անցկացվի հրատապ միջազգային հետաքննություն». ՆԱՏՕ-ն՝ Մինսկում Ryanair-ի ինքնաթիռի հետ կապված միջադեպի մասին
ՆԱՏՕ-ն, անփոփոխ կերպով հետևելով ԱՄՆ-ին և Եվրամիությանը, միացել է ԵՄ գագաթնաժողովի կոչին, այն է՝ անհապաղ միջազգային հետաքննություն անցկացնել Բելառուսի մայրաքաղաք Մինսկում չծրագրված վայրէջքի հետևանքով Ryanair ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռի հետ կապված միջադեպի առնչությամբ:
Այս մասին այսօր Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, գրում է EurAsia Daily-ն:
«Այս վտանգավոր հարկադիր վայրէջքի առնչությամբ պետք է անցկացվի հրատապ միջազգային հետաքննություն»,-ասել է նա:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, նախօրեին Աթենք-Վիլնյուս երթուղով թռչող ինքնաթիռը, Բելառուսի տարածքի մեծ մասի վրայով անցնելուց և Լիտվայի հետ սահմանին մոտենալուց հետո, փոխել էր ընթացքը և շարժվել Մինսկի ուղղությամբ: Մինսկի օդանավակայանից հայտնել էին, որ օդաչուների փոխանցմամբ՝ օդանավն «ականապատված» է եղել, սակայն ստուգումների ընթացքում այդ տեղեկությունը հերքվել է:
Բելառուսական աղբյուրները հայտնել են, որ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անձամբ է հրաման տվել Մինսկում ընդունել Ryanair ավիաընկերության ինքնաթիռը: Ինքնաթիռի վայրէջքից հետո օդանավակայանում ձերբակալվել է Բելառուսում ծայրահեղական ճանաչված NEXTA թելեգրամյան ալիքի նախկին գլխավոր խմբագիր Ռոման Պրոտասևիչը:










