Կարևոր է, որ հետպատերազմյան ժամանակահատվածում շատ արագ միջոցներ մոբիլիզացնենք և կապիտալ կուտակենք, կարողանանք ամրացնել մեր տնտեսական հենքերը. Վարդան Արամյան (տեսանյութ)
Մենք պարտադրված ենք ապրել մի իրողության մեջ, որտեղ 2021 թվականի բյուջեն նախագծված է 342 մլրդ դրամ պակասորդով, որից ընդամենը 215 մլրդն ենք մենք ուղղում կապիտալ ծախսերին, իսկ մնացածը պարտքային միջոցները մենք վերաուղղում ենք մեր ընթացիկ ծախսերի ֆինանսավորմանը, սա լուրջ խնդիր է, խորը վերլուծական աշխատանք է պետք: Այս մասին այսօր «Պատիվ ունեմ» դաշինքի նախաձեռնած կլոր սեղան քննարկման ժամանակ ասաց ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը:
«Հաջորդ կարևոր խնդիրը, որը մեր նոր Կառավարությունը պետք իր դիտակետում պահի, հաղորդակցությունն է տնտեսվարող սուբյեկտների և հանրության հետ: Մենք պետք է մոռանանաք այն գործելաոճը, երբ Կառավարությունը մի բան է ասում, այլ բան է անում: 2018-2019-ին Կառավարությունը պահային որոշումներ էր կայացնում առանց հեռակետին նայելու: Խիստ կարևոր է, որ հետպատերազմյան ժամանակահատվածում հետճգնաժամյան ժամանակահատվածում մեզ մոտ շատ արագ միջոցներ մոբիլիզացնենք և կապիտալի կուտակում կատարենք, որպեսզի կարողանանք ամրացնել մեր տնտեսական հենքերը »,-ասաց նա:
Արամյանը շեշտեց, որ մեր երկիրը հնարավորություն ունի հանքարդյունաբերությամբ արագ ֆինանսների ներհոսք ապահովել տնտեսություն: Ըստ նրա՝ այստեղ պետք է ուշադրություն դարձնել շրջակա միջավայրի խնդիրներն ու տնտեսական շահերը բալանսավորելուն: «Կարծում եմ՝ մի բան ևս, որ միշտ բացակայել է, միջազգային կառույցների գործիքների և հնարավորությունների ճիշտ օգտագործումն է: Ցավոք, մեր երկիրը թերացավ միջազգային կառույցների կողմից տրամադրվող գործիքակազմերից օգտվելուց»:
Մանրամասները՝ տեսանյութում:










