Բաքվից ամուսնական զույգը կասկածելի ծագման 14 միլիոն ֆունտ ստերլինգ է տարել Լոնդոն. անցկացվում են ստուգումներ
Բրիտանական հանցավորության դեմ պայքարի ազգային գործակալությունը (NCA) միացել է The Evening Standard թերթի պայքարին՝ Լոնդոնում բնակվող ադրբեջանցի ամուսնական զույգի անունները բացահայտելու համար: Նրանք մեղադրվում են կասկածելի ծագմամբ 14 միլիոն ֆունտ ստերլինգ երկիր մտցնելու համար: Այս մասին գրում է haqqin.az կայքը:
Ուեսթմինսթերի գույքային դատարանը պատրաստվում է գույքի հարցը դիտարկել մինչև այս տարվա վերջ:
NCA-ն փորձում է առգրավել 6,5 միլիոն ֆունտ ստերլինգը, որոնք ամուսինները պահում են 10 բանկային հաշիվներում:
The Evening Standard թերթը շուրջ 2 տարի փորձում է հասնել ադրբեջանցի ամուսինների անունների բացահայտմանը, որոնք գաղտնի են պահվում: Հրապարակումը նշում է, որ մինչ այս պահը Հանցավորության դեմ պայքարի ազգային գործակալությունը չեզոքություն է դրսևորել ամուսինների անունները բացահայտելու հարցում: Դատարանը չի վերացրել ամուսինների անունները հրապարակելու արգելքը, այդ իսկ պատճառով Բրիտանիայի հանցավորության դեմ պայքարի ազգային գործակալությունն անցել է թերթի կողմը` փոխելով չեզոք դիրքորոշումը:
Հայցվոր կողմի փաստաբանը կարծում է, որ դատարանի որոշումը հակասում է արդար դատավարության սկզբունքներին: The Evening Standard-ը գրում է, որ ամուսինների փաստաբան Ջեյմս Լուին բողոքարկել է գործը նոր ընթացակարգով քննելու որոշումը, և այս անգամ չի պնդել, որ նիստը դռնփակ անցկացվի: Միևնույն ժամանակ, նա դեռ դեմ է գաղտնիության խախտմանը:










