Մինսկը հրապարակել է Ryanair-ի օդաչուի և դիսպետչերի խոսակցության սղագրությունը
Բելառուսի տրանսպորտի նախարարության ավիացիոն վարչությունն իր կայքում տեղադրել է Մինսկի օդանավակայանի դիսպետչերների և կիրակի Բելառուսի մայրաքաղաքում արտակարգ վայրէջք կատարած Ryanair ընկերության ինքնաթիռի անձնակազմի միջև բանակցությունների սղագրությունը: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Վերծանումից հետևում է, որ դիսպետչերն օդաչուին ասել է, որ հատուկ ծառայությունները տեղեկություններ են ստացել ինքնաթիռում առկա ռումբի մասին, որը կարող է գործարկվել Վիլնյուսի վրա թռչելու ժամանակ:
Նա անձնակազմին, անվտանգության նկատառումներից ելնելով, խորհուրդ է տվել վայրէջք կատարել Մինսկի օդանավակայանում:
Իր հերթին, օդաչուն հարցրել է, թե որտեղից են եկել պայթուցիկ նյութերի մասին տեղեկությունները: Դրան պատասխանել են, որ Մինսկի օդանավակայանի անվտանգության ծառայությունը էլեկտրոնային փոստով ստացել է համապատասխան նամակ, որն ուղարկվել է մի քանի օդանավակայաններ:
Դրանից հետո օդաչուն հարցրել է, թե ով է խորհուրդ տալիս ինքնաթիռն ուղղել Մինսկ ՝ ավիաընկերությունը, մեկնման, թե ժամանման օդանավակայանը:
Բելառուս դիսպետչերը պատասխանել է. «Սա մեր առաջարկությունն է»:
«Մեր նպատակն է՝ ուղևորվել Մինսկի օդանավակայան», - վերջում ասել է օդաչուն:
Վերծանման մեջ դիսպետչերի կողմից անձնակազմին ուղղված սպառնալիքներ չկան:
Հիշեցնենք, որ Ryanair ավիաընկերության Boeing 737-800 օդանավը, որն իրականացնելիս է եղել Աթենք-Վիլնյուս չվերթը, մայիսի 23-ին արտակարգ վայրէջք է կատարել Մինսկում: Օդանավի վայրէջքից հետո օդանավակայանում ձերբակալվել է չվերթի ուղևորներից մեկը` բելառուսական ընդդիմադիր NEXTA թելեգրամյան ալիքի համահիմնադիր Ռոման Պրոտասևիչը: Վերջինիս 15 տարվա ազատազրկում է սպառնում: Նրա նկատմամբ գործ է հարուցվել զանգվածային անկարգություններին մասնակցելու համար:
Եվրամիության անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը որոշում է կայացրել արգելել բելառուսական ավիաընկերություններին թռիչքներ իրականացնել դեպի ԵՄ օդանավակայաններ և թռչել Եվրամիության տարածքով:










