«ԵՄ-ում չափահաս բնակչության 46%-ը ստացել Է կորոնավիուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը». Եվրահանձնաժողովի ղեկավար
Եվրամիության չափահաս բնակչության 46 տոկոսն արդեն ստացել է նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը: Մայիսի 25-ին այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Եվրամիությունում պատվաստումն առաջ է ընթանում. տեղ է հասցվել պատվաստանյութի 300 միլիոն դեղաչափ. չափահաս բնակչության 46 տոկոսը ստացել է թեկուզև մեկ դեղաչափ»,- գրել է նա Twitter-ում: Նրա խոսքով՝ սպասվում է, որ այս շաբաթ Եվրամիության չափահաս բնակչության կեսը կստանա պատվաստանյութի առաջին դեղաչափը:
Այս պահին Եվրամիությունում հավանության է արժանացել չորս պատվաստանյութ. BioNTech կոնսորցիումի և Pfizer-ի մշակումը, Միացյալ Նահանգների Moderna ընկերության պատրաստուկը, բրիտանա-շվեդական AstraZeneca ֆիրմայի պատվաստանյութը և Johnson & Johnson ընկերության պատրաստուկը: Հունգարիայում, բացի դրանից, հասանելի են չինական Sinopharm-ը և ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը:










