Մի քանի միլիարդ եվրո. Փարիզում նախատեսվում է անվճար դարձնել հասարակական տրանսպորտը
Ֆրանսիայի իշխանությունները ծրագրում են Փարիզի հասարակական տրանսպորտն անվճար դարձնել, գրում է BBC-ն:
Նշվում է՝ մի քանի տարի է, ինչ հասարակական տրանսպորտն անվճար է երկրի մի շարք քաղաքներում: Ներկայում այդ արտոնությունից օգտվում են երկրի ավելի քան 30 քաղաքների հարյուր հազարավոր բնակիչներ: Այդ համայնքներից է Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Դյունկերկը, ինչպես նաև Օբանն ու Կոլումբիեն: Ստրասբուրգում՝ Ֆրանսիայի 9-րդ խոշորագույն քաղաքում, այս ծրագիրը մեկնարկում է սեպտեմբերին:
Անվճար երթևեկության քաղաքականության ներդրումից հետո Դյունկերկում կատարված ուսումնասիրության համաձայն՝ փոփոխությունները վերակենդանացրել են քաղաքը և հանգեցրել են այնտեղ ածխածնային արտանետումների քանակի կրճատմանը, քանի որ շատ վարորդներ որոշել են օգտվել միկրոավտոբուսներից: Միևնույն ժամանակ, ծրագրի մեկնարկից ի վեր հասարակական տրանսպորտով ուղևորությունների թիվն աճել է 60 տոկոսով: Նշվում է՝ կառավարությունը հոգում է անվճար հասարակական տրանսպորտի ծրագրի ֆինանսավորման ծախսերը՝ տեղական բիզնեսների համար հարկերի ավելացման շնորհիվ:
«Սա ակնհայտ հաջողություն է և նշան այն բանի, որ անվճար հասարակական տրանսպորտը կարող է աշխատել նաև լայնամասշտաբ հիմունքներով»,- ասել է Քաղաքային պլանավորման փարիզյան դպրոցի պրոֆեսոր Առնո Պասալասկուան: Նշենք՝ ներկայում նախատեսվում է անվճար դարձնել Իլ-դե-Ֆրանս մայրաքաղաքային նահանգի հասարակական տրանսպորտը: Նահանգը ներառում է 8 ֆրանսիական դեպարտամենտ, այդ թվում՝ Փարիզը:
Մայրաքաղաքի փոխքաղաքապետ Օդրի Պուլվարի խոսքով՝ 2020 թվականին Փարիզում ներդրված, դպրոցականների և մինչև 18 տարեկանների համար հասարակական տրանսպորտի անվճար դառնալուց հետո ծրագիրն աստիճանաբար կտարածվի Ֆրանսիայի մայրաքաղաքի բոլոր բնակիչների վրա: Մինչև 2026 թվականը փարիզցիների համար հասարակական տրանսպորտը նախատեսվում է անվճար դարձնել ինչպես հանգստյան, այնպես էլ աշխատանքային օրերին:
Ծրագրի կողմնակիցները կարծում են, որ անվճար հասարակական տրանսպորտի ներդրումը կլուծի մի շարք խնդիրներ: Մասնավորապես, այն կօգնի ցածր եկամուտ ունեցող ֆրանսիացի ընտանիքներին կրճատել տրանսպորտային ծախսերը և նվազեցնել շրջակա միջավայրի վրա ճնշումը: Այնուամենայնիվ, քննադատներն այն կարծիքին են, որ ծրագրում առկա են ֆինանսավորման և ենթակառուցվածքների հետ կապված մի շարք լուրջ խնդիրներ: Մոտավոր հաշվարկներով՝ Ստրասբուրգում ծրագրի ֆինանսավորման տարեկան ծախսերը կկազմեն 6-8 միլիոն եվրո (7,3-9,7 միլիոն դոլար):
Փարիզում և Իլ-դե-Ֆրանսի ամբողջ շրջանում, որոշ գնահատականներով, այդ ծախսերն է՛լ ավելի զգալի կլինեն: Այս դեպքում խոսքը տարեկան մոտ 3 միլիարդ եվրոյի մասին է: Բյուջեի դեֆիցիտը նախատեսվում է ծածկել ավտոմեքենաների հարկերի բարձրացմամբ, որոնք ամենից շատն են աղտոտում օդը:
Բացի այդ, նախատեսվում է օգտագործել նաև ավտովթարների քանակի կրճատումից խնայված գումարը՝ անվճար հասարակական տրանսպորտով նախաձեռնությունը ֆինանսավորելու համար: Այդ դեպքում խոսքը շուրջ 10 միլիարդ եվրոյի մասին է:
Նշենք՝ Ֆրանսիան Եվրոպայում միակ երկիրը չէ, որտեղ հասարակական տրանսպորտը հետզհետե անվճար է դառնում: 2013 թվականին Էստոնիայի Տալլին քաղաքը դարձել է ԵՄ առաջին մայրաքաղաքը, որը վերացրել է հասարակական տրանսպորտի վճարները:










