Վերջին 3 տարիների ընթացքում չի արվել որևէ քայլ, որը կբխի ՀՀ շահերից. Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
Այսօր «Հայաստան» դաշինքի նախընտրական կենտրոնական շտաբում տեղի ունեցավ դաշինքի առաջնորդների մամուլի ասուլիսը, որի ընթացքում ՀՀ 2-րդ նախագահ, դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն առ այն, որ վերջինս պատրաստվում է ստորագրել հայ-ադրբեջանական սահմանի վերաբերյալ փաստաթուղթը, քանի որ, ըստ նրա, դա 100 տոկոսով բխում է ՀՀ շահերից: Քոչարյանը նշեց՝ վերջին 3 տարիների ընթացքում քանի՞ անգամ են քաղաքացիները լսել, որ որևէ բան 100%-ով համընկնում է ՀՀ շահերին, ըստ նրս՝ այսպիսի հավաստիացումներ Հայաստանի շահերի հետ համընկնելու մասին այս կամ այն ուղղությամբ մշտապես լսում ենք:
«Եթե այդպիսին են հայտարարությունները, այդ դեպքում ինչո՞ւ ենք մենք հայտնվել այսօրվա իրավիճակում, շատ պարզ հարց, որը ամեն մի քաղաքացի պետք է ինքը իրեն տա. եթե ամեն անգամ դու քայլեր ես արել Հայաստանի շահերից բխող, ապա ինչո՞ւ ենք մենք հայտնվել այս տխուր իրավիճակում: Ես կարող եմ միանշանակ ասել, որ որևէ մի քայլ, որը կբխի ՀՀ-ի շահերից, չի արվել վերջին 3 տարվա ընթացքում»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը:
Նա նաև անդրադարձավ Ադրբեջանի կողմից հնչեցված հայտարարություններին առ այն, որ պետք է խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ, և ընդգծեց` Ադրբեջանում հնչեցված բոլոր հայտարարությունները պետք է դիտել Հայաստանում ներքաղաքական գործընթացների կոնտեքստում, պետք է ամեն բան անել, որ Հայաստանի ներքաղաքական օրակարգը չթելադրվի Ադրբեջանի կողմից:
«Ես չեմ կասկածում, թե ինչ նախապատվություններ իրենք ունեն այս ընտրությունների կոնտեքստում, չեմ կասկածում, թե ում կցանկանային ընտրված տեսնել ՀՀ վարչապետ, իսկ սա նշանակում է, որ իրենք փորձելու են քայլեր ձեռնարկել մեր ընտրական գործընթացի վրա ազդելու համար, բանաձևը պետք է լինի այսպիսին, որ երբեք Ադրբեջանը չպետք է օրակարգ թելադրի Հայաստանի Հանրապետությանը»,- նշեց Ռոբերտ Քոչարյանը:










