Միջազգային կանոնները չեն խախտվել. Կրեմլը մեկնաբանել է Բելառուսի` Ryanair-ի չվերթի հետ կապված գործողությունները
Ryanair-ի ինքնաթիռում սպառնալիքի դեպքում վթարային վայրէջքի համար Բելառուսը տվել է անհրաժեշտ նախազգուշացումներ՝ միջազգային կանոններին համապատասխան: Այս մասին հայտարարել է Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Եթե մենք ճիշտ ենք հասկացել, այնտեղ հաղորդագրություն կար որոշակի սպառնալիքի առկայության մասին, և միջազգային կանոններին համապատասխան, արվել են անհրաժեշտ նախազգուշացումները», -ասել է Պեսկովը:
Խոսնակը կարծում է, որ բելառուս դիսպետչերների գործողություններն ուղղված էին Ryanair ինքնաթիռի հնարավոր սպառնալիքը նվազագույնի հասցնելուն:
«Ընդհանուր առմամբ, կարող էր սպառնալիք լինել ոչ միայն Ռուսաստանի քաղաքացիների, այլև օդանավի վրա գտնվող բոլոր մարդկանց կյանքի համար: Այս սպառնալիքը նվազագույնի հասցնելու համար, ինչպես պնդվում է, դիսպետչերները որոշակի գործողություններ են իրականացրել»,-ասել է Պուտինի մամուլի քարտուղարը:
Ինչպես ընդգծել է Պեսկովը, Մոսկվան չի կարծում, որ հարկադիր վայրէջքի պատճառով «օդանավի վրա գտնվող ռուսաստանցիների կյանքը վտանգվել է»:
Հիշեցնենք, որ Ryanair ավիաընկերության Boeing 737-800 օդանավը, որն իրականացնելիս է եղել Աթենք-Վիլնյուս չվերթը, մայիսի 23-ին արտակարգ վայրէջք է կատարել Մինսկում: Օդանավի վայրէջքից հետո օդանավակայանում ձերբակալվել է չվերթի ուղևորներից մեկը` բելառուսական ընդդիմադիր NEXTA թելեգրամյան ալիքի համահիմնադիր Ռոման Պրոտասևիչը: Վերջինիս 15 տարվա ազատազրկում է սպառնում: Նրա նկատմամբ գործ է հարուցվել զանգվածային անկարգություններին մասնակցելու համար:
Եվրամիության անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը որոշում է կայացրել արգելել բելառուսական ավիաընկերություններին թռիչքներ իրականացնել դեպի ԵՄ օդանավակայաններ և թռչել Եվրամիության տարածքով:










