«Հույս ունեմ՝ շուտով կկարողանանք սկսել Անդրկովկասում տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը». ՌԴ փոխվարչապետ

17:23 • 25.05.21

Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հույս է հայտնել Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների շուտափույթ ապաշրջափակման վերաբերյալ, ինչը պայմանավորված է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարություններով, որոնք ընդունվել են Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմի ավարտից հետո:

Ռուս բարձրաստիճան պաշտոնյան այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել Տվերի վագոնաշինական գործարանի արտադրած նոր վագոնները Հայաստան ուղարկելու կապակցությամբ կազմակերպված արարողության ժամանակ, փոխանցում է EurAsia Daily-ն:

«Բոլորս անհամբեր սպասում ենք և հուսով ենք, որ այստեղ ողջամտությունը կգերակշռի, և մենք շուտով կկարողանանք սկսել Անդրկովկասում տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը»,- ասել է Օվերչուկը:

Նրա խոսքով՝ ներկայիս իրողության պայմաններում Հարավային Կովկասում տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացումը «կարևոր է ավելի քան երբևէ, և որ այսօր ամբողջ տարածաշրջանի զարգացման համար բացվում են բոլորովին նոր պայմաններ ինչպես տնտեսության, այնպես էլ տրանսպորտի զարգացման տեսանկյունից»:

«Սա կարող է եզակի պայմաններ ստեղծել Հայաստանի ամբողջ տնտեսական ներուժի բացման համար, այն կարող է ստեղծել եզակի, զարմանալի պայմաններ մեր եվրասիական ինտեգրացիան լիարժեք իրականացնելու համար», - ամփոփել է ՌԴ փոխվարչապետը:

Հիշեցնենք՝ ավելի վաղ գործարանի արտադրության 20 նոր մարդատար վագոն է ուղարկվել  «Հարավկովկասյան երկաթուղի» («Ռուսական երկաթուղիներ» ընկերության դուստր ձեռնարկությունը, որը 2008-ի փետրվարին կնքված կոնցեսիոն պայմանագրի շրջանակում բեռնափոխադրումներ ու ուղևորափոխադրումներ է իրականացնում Հայաստանում,-խմբ.), ևս 7 վագոն նախատեսվում է ՀՀ ուղարկել մինչև հունիսի վերջ:

 

 

«Հույս ունեմ՝ շուտով կկարողանանք սկսել Անդրկովկասում տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը». ՌԴ փոխվարչապետ