Անկարայում «ուկրաինական» փողոց կհայտնվի
Անկարայում փողոցը, որտեղ գտնվում է Ուկրաինայի դեսպանատունը, կանվանվի ուկրաինացի գիտնական Ագաթանգեղոս Կրիմսկիի անունով: Այս մասին տեղեկացնում է Европейская правда-ն` վկայակոչելով Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Անդրեյ Սիբիգային:
«Մենք թուրքական կողմից դրական պատասխան ենք ստացել մայրաքաղաքի փողոցներից մեկն Ագաթանգեղոս Կրիմսկիի անունով կոչելու մեր դիմումի առնչությամբ, այս տարի մենք նշում ենք նրա 150-ամյակը: Այսուհետ, այն փողոցը, որտեղ գտնվում է մեր դեսպանատունը, կկրի նրա անունը»,-գրել է դեսպանը:
Բացի այդ, դեսպանի խոսքով, շուտով Անկարայի կենտրոնում, Թուրքիայի մայրաքաղաքի ամենահեղինակավոր վայրերից մեկում, կբացվի Ուկրաինական զբոսայգի, որն այժմ բարեկարգման փուլում է: Այն ստեղծելու մասին տեղական իշխանությունների որոշումը նույնպես ընդունվել է:
«Ես ուզում եմ անկեղծ շնորհակալություն հայտնել թուրքական կողմին մշտական աջակցության և բազմակողմանի օժանդակության և օգնության համար, որը մենք միշտ զգում ենք: Այսպիսով՝ մեր նպատակը՝ «Ավելի շատ Ուկրաինա Թուրքիայում», շարունակում է լցվել բովանդակությամբ»,-գրել է Սիբիգան:










