Զավեշտալի է թվում, թե արդյոք պարտադի՞ր է դիմակների կրումը՝ Անահիտ Ավանեսյանը՝ դիմակ չկրող պատգամավորներին (տեսանյութ)
Այսօր Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը Առողջապահության նախարարության պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանից հետաքրքրվեց կորոնավիրուս վարակի իրավիճակից:
Անահիտ Ավանսեսյանը նշեց, որ հունիսի մեկից բաց տարածքներում դիմակի կրման պարտադիր պահանջը այլևս չի գործելու և հուլիսի մեկից որոշակի բացառություններով նաև փակ տարածքներում: Դիտարկելով Ազգային ժողովում պատգամավորներին, որոնք դիմակ չէին դրել, նախարարի պաշտոնակատարարը արձագանքեց. «Մի փոքր զավեշտալի է թվում, թե արդյոք պարտադիր է դիմակների կրումը, եթե նույն դահլիճում շատ քչերն են դիմակ կրում: Բայց մենք ունենք համաճարակի ընդհանուր տեմպի նվազում և այս պահին նպատակահարմար ենք գտնում, որ այս սահմանափակումը չգործի»:
Ինչ վերաբերում է սահմանների բացմանը, ապա նա նշեց, որ արդեն իսկ մի շարք երկրներ՝ այդ թվում ԵՄ կազմում գտնվող, ինչպես նաև հարևան Վրաստանը փոփոխություն են կատարել, որ քաղաքացիները կարող են սահմանը հատել, եթե ունեն բացասական թեստ և եթե պատվաստված են: «Այսօր երեք հազար թեստավորումից 130 դրական դեպք է արձանագրվել»,-ասաց նա:
Նախարարի պաշտոնակատարը հայտնեց նաև, որ փակ տարածքներում պարտադիր դիմակ կրելը պարտադիր է լինելու չպատվաստված մարդկանց համար։










