Խորհրդային տարիների սահմաններով տեղադրվում էին ժամանակավոր հենակետեր, մինչև ադրբեջանական կողմը խախտեց այս սկզբունքը․ դա մեզ համար ընդունելի չէ և չի կարող լինել․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)

17:30 • 26.05.21

Ուզում եմ՝ հստակ արձանագրենք, որ բանակցությունների ընթացում յուրաքանչյուր պետություն կարող է ունենալ իր դիրքորոշումներն այն իրավական սկզբունքների վերաբերյալ, որոնք պետք է հիմք ծառայեն դեմարկացիայի և դելիմիտացիայի համար։ Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանի՝ սահմանազատման գործընթացի և բուֆերային գոտու ստեղծման վերաբերյալ հարցին․ «Բուֆերային գոտիների, ջրային ռեսուրսների, անվտանգության գոտիների հարցերը երկու երկրների հանձնաժողովների քննարկման առարկաներն են, և որոշակի սկզբունքներ կան, որոնք երկու կողմի համար պետք է ընդունելի լինեն, այդ սկզբունքների հիման վրա սկսում է տեղի ունենալ գործընթացը»,-ասաց նա։

Ավինյանն ընդգծեց՝ սահմանազատման ու սահմանագծման ընթացքում երկու երկրների հանձնաժողովները միանշանակորեն և՛ իրավական հիմքերը, և՛ ջրային ռեսուրսների, և՛ ենթակառուցվածքների տեղադրության հարցերը քննարկում են։

Պատգամավորը նաև հետաքրքրվեց՝ որպեսզի գործընթացը հապճեպ չլինի, քննարկվե՞լ է Խորհրդային տարիների սահմանը պահելու և այդ մասերով դիրքավորվելու հարցը, մինչև խաղաղ պայմաններով դելիմիտացիոն գործընթաց լինի, Ավինյանն արձագանքեց․

«Խորհրդային տարիների սահմաններով տեղադրվում էին ժամանակավոր հենակետեր՝ մինչև ադրբեջանական կողմի նախաձեռնած գործողությունները․ սկզբունքը առաջինը խախտեց ադրբեջանական կողմը՝ հրահրելով այս իրավիճակը, և, փաստացի, մենք հենց այդ սկզբունքով էլ ժամանակավոր հենակետեր էինք տեղադրում, Ադրբեջանի հետագա գործողություններն այդ պրոցեսն ակնհայտորեն խաթարեցին, և, միանշանակ, լրիվ այլ տրամաբանություն փորձեցին թելադրել, որը, կարծում եմ, ընդունելի չի կարող լինել մեզ համար և չի լինելու»,-ասաց նա։

Խորհրդային տարիների սահմաններով տեղադրվում էին ժամանակավոր հենակետեր, մինչև ադրբեջանական կողմը խախտեց այս սկզբունքը․ դա մեզ համար ընդունելի չէ և չի կարող լինել․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)