Հայաստանում փոքր կրպակ ունեցողից մինչև մեծ ընկերություն ունեցողները համարվում են գործարարներ. Լ. Մակունցը՝ ՔՊ ցուցակում գործարարներին ներառելու մասին
ՀՀ-ում փոքր կրպակ ունեցողից մինչև մինչև մեծ ընկերություն ունեցողները համարվում են գործարարներ։ Երբ նման անձինք, անկախ բիզնեսի չափերից, քաղաքականությամբ զբաղվելու հայտ են ներկայացնում, ՀՀ օրենսդրությունը նախատեսում է կարգավորման եղանակներ՝ ոչ թե արգելում է զբաղվել նրանց քաղաքականությամբ, այլ արգելում է դրանց համատեղումը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով «Իմ քայլի» նախընտրական ցուցակում գործարարներ Խաչատուր Սուքիասյանի և Գուգեն Արսենյանի անունների առկայությանը՝ այն դեպքում, երբ ժամանակին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ գործարարները խորհրդարանում պետք է տեղ չունենան։
Մակունցը նշեց, որ այդ համատեղելիության սկզբունքի խախտման դեպքերի համար գոյություն ունեն էթիկայի և կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովներ։
«Իմ քայլը» խմբակցության ղեկավարը վստահ է, որ այլ ուժերի ցուցակներում ևս ընդգրկված կլինեն տարբեր գործարարներ. «Այն, որ բիզնեսը պետք է քաղաքականությունից տարանջատված լինի, ոչ միայն քաղաքական խոսք է, այլ նաև օրենքով սահմանված սկզբունք։ Մենք շարունակում ենք պնդել, որ այն գործարաները, որոնք քաղաքականությամբ զբաղվելու հայտ են ներկայացրել, չեն կարող դրանք համատեղել»։










