ՀԱՊԿ գործողությունների արագությունը չի բավարարում մեզ, և Ադրբեջանի նախնական մտահաղացումը այս պահի դրությամբ ես չեզոքացված չեմ համարում. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Նիկոլ Փաշինյանից հետաքրքվեց, թե ինչ փուլում են բանակցություններն ադրբեջանական զորքերը Հայաստանի տարածքից դուրս բերելու հարցով, ինչ արձագանք ունենք ՌԴ-ից, ՀԱՊԿ-ից, ինչ կարող են անել քաղաքական ուժերը, որ միասնական լինեն այն մասով, որ ադրբեջանական զորքերն օր առաջ դուրս բերվեն:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Սև լիճ կոչվող մեր տարածքում Ադրբեջանի ձեռնարկած գործողության նպատակը ռազմական բախում հրահրելն է, և ինչպես հայտարարել էր Ադրբեջանի նախագահը՝ ուժի գործադրմամբ միջանց ստեղծելը: Նա նշեց, որ սա էր պատճառը, որ Հայաստանը դիմեց ՀԱՊԿ: Նա նաև անդրադարձավ այն գնահատականներին, թե շատ է խոսվում այն մասին, որ բանակն ուժային գործողություն չի անում և դիմում է ՀԱՊԿ։ Փաշինյանը նշեց, որ հենց ՀԱՊԿ-ը և ՀԱՊԿ անդամ գործընկերներն են, որ ՀՀ-ին հորդորել են չգնալ ռազմական ճանապարհով այս իրավիճակի հանգուցալուծման:
«Հետևաբար, ՀԱՊԿ կազմակերպությունում ՀՀ-ն հանդես է գալիս ոչ թե որպես խնդրարկու, այլ դա մի գործիք է, որ այդ երկրներն ստեղծել են նմանատիպ իրավիճակում օգտագործելու համար: ՀԱՊԿ պայմանագրի երկրորդ հոդվածում հստակ արձանագրված է, որ երբ կա սպառնալիք, այդ գործիքը սկսում է գործել: Հայաստանի ռազմական բախմամբ լուծմանը չգնալ նաև նպատակ ունի ինքնաբերաբար ՀԱՊԿ երկրներին չներքաշել ռազմական լուծան, և սա է պատճառը, որ ասում ենք՝ եկեք քաղաքական ճանապարհով լուծենք խնդիրը: Բայց ես ուզում եմ ընդգծել, որ այս պահ դրությամբ ՀԱՊԿ գործողությունների արագությունը չի բավարարում, բայց շարունակելու ենք աշխատել այդ ուղղությամբ, քանի որ ես կարծում եմ, որ նախնական մտահղացումը, որն ունի Ադրբեջանը, այս պահի դրությամբ ես չեզոքացված չեմ համարում: ՀԱՊԿ երկրները և ՀԱՊԿ-ը հստակ դիրքորոշում չի արտահայտել, որ Ադրբեջանը պետք է զորքերը հետ քաշի, աշխատանքային մակարդակում այդ դիրքորոշումն արտահայտվում է, բայց հրապարակային մակարդակում չի արտահայտվում»,-ասաց նա և նշեց, որ այս հարցերում հստակություն պետք է մտցվի:
Էդմոն Մարուքյանն իր արձագանքում հետաքրքրվեց աշխատանքային փաստաթղթից, թե արդյոք այն պատրաստվում է ստորագրվել և ինչ բովանդակությամբ, իսկ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ գուցե նախկինում ինչ-որ բան սխալ է հասկացվել: «Ես ասել եմ, որ չկա այդպիսի տարբերակ, որ մենք որևէ փաստաթուղթ ստորագրենք առանց զորքերի դուրսբերման»,-ասաց նա և նշեց, որ կամ դուրս են բերում զորքերը, որից հետո տեղի է ունենում ստորագրումը, կամ ստորագրված թղթի մեջ արձանագրվում են դուրսբերումը:
«Ադրեբջանի զորքերը մեր տարածքից պետք է դուրս գան մեր սահմանից անդին, այլ տարբերակ չկա, չի քննակվում և չի կարող քննարկվել, այո՛, Ադրբեջանը, ըստ էության, ագրեսիա է ձեռնարկել մեր տարածքների վրա: Ես չգիտեմ, թե ում հետ է համաձայնեցված այս ծրագիրը, ենթադրում էր, որ Ադրբեջանը միայնակ չէր հանդգնի այդպիսի գործողություն ձեռնարկել, և ես կարծում եմ, որ ոմանց հետ համաձայնացվել է այս ծրագիրը, բայց կոնկրետություն չկա, և այդ ուղղությամբ պետք է աշխատենք: Երբ իմանանք, որ կա հիմնավոր տեղեկություն, որ այս-այս միջազգային սուբյեկտների հետ համաձայնեցվել է, պետք է մեր ժողովրդին ասենք, բաց, հրապարակային, և ասենք, վերջին երեք 4 -10 տարվա իրադարձությունների մասին: Աղմուկի մեջ շատ կարևոր է հասկանալ, թե ինչ է տեղի ուենցել Ղարաբաղի հարցի շուրջ՝ վերջին տասնհինգ տարում»,-ասաց նա և հայտնեց, սպասվում է Պ նախարարի այցը ՌԴ և որոշ հարցերի պատասխան պետք է ստանանք:










